Բժիշկը նախազգուշացնում է քնելուց առաջ հեռախոս օգտագործելու լուրջ հետևանքների մասին

Բժիշկ Անա Պերես Բալյեստան նախազգուշացրել է, որ քնելուց առաջ հեռախոս օգտագործելու սովորությունը կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։ Նրա խոսքերը մեջբերել է «El Confidencial» պարբերականը։

Ինչպես բացատրել է Բալյեստան, կորտիզոլի մակարդակն ամենացածրն է լինում երեկոյան ժամը 22:00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում՝ նվազում են զգոնությունն ու ինքնատիրապետումը, և ուղեղն անցնում է հանգստի փուլի, որի ընթացքում դառնում է ավելի խոցելի։ Հենց այդ ժամանակ էլ մարդիկ հաճախ օգտագործում են իրենց հեռախոսները։ Ավելին, թեև նրանք կարող են մտադրվել սարքի վրա ընդամենը մի քանի րոպե անցկացնել, այդ ժամանակահատվածը հաճախ աննկատելիորեն վերածվում է ժամերի։

«Մենք հայտնվում ենք անվերջ «սքրոլինգի» (էկրանը վեր ու վար անելու) թակարդում, և մեր ուղեղը երբեք չի գտնում ճիշտ պահը՝ ասելու. «Վերջ, սա ավարտված է»», — նշել է բժիշկը։ Եթե այս գործընթացը կրկնվում է օրեցօր, քնի որակը կարող է վատթարանալ։ Բացի այդ, մասնագետն ընդգծել է, որ այս սովորությունը բացասաբար է ազդում հույզերի կառավարման և տրամադրության վրա՝ ի վերջո հանգեցնելով դեպրեսիայի և տագնապային վիճակի։ «Թերևս լավագույն ռազմավարությունն այն է, որ ամեն գիշեր ալգորիթմի դեմ պայքարելու համար չապավինենք կամքի ուժին, այլ պարզապես ընդհանրապես հեռախոսը չտանենք ննջասենյակ», — հավելել է նա։

Leave a comment