Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Բաժանորդագրվել

Կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

«Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը»,– ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Փաշինյանը և Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Leave a comment