ԱԶԲ․ ՀՀ տնտեսությունն առաջին կիսամյակում աճել է 6%-ով (PAN.am)

Հայաստանի տնտեսությունը 2026-ի առաջին կիսամյակում 6 տոկոս աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 5․9 տոկոսի համեմատ։ Այս տվյալները ներկայացվել են Ասիական զարգացման բանկի սեպտեմբերյան զեկույցում։

Տնտեսական աճի հիմնական շարժիչներն են եղել արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը։ Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում 11 տոկոս անկում է արձանագրվել, իսկ շինարարության ծավալներն աճել են 20․2 տոկոսով, հայտնում է Radar.am-ը:

ԱԶԲ-ն անփոփոխ է թողել Հայաստանի՝ 2026 թվականի տնտեսական աճի 5 տոկոս կանխատեսումը։ Բանկը 2027 թվականի համար շարունակել է կանխատեսել 5․5 տոկոս տնտեսական աճ։

Միաժամանակ ԱԶԲ-ն նշել է արտաքին առևտրի հետ կապված հնարավոր ռիսկերը։ Բանկի գնահատմամբ՝ Ռուսաստանի սահմանած ներմուծման սահմանափակումները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով տարածաշրջանային առևտրում առաջացած խափանումները կարող են զսպել Հայաստանի արտահանման աճը։

2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում միջին գնաճը կազմել է 4․5 տոկոս՝ գերազանցելով Կենտրոնական բանկի սահմանած 2-4 տոկոս նպատակային միջակայքի վերին շեմը։

Leave a comment