Մակրոնը կոչ է արել ստեղծել ԱԲ ոլորտում համագործակցող երկրների դաշինք ընդդեմ ԱՄՆ-ի և Չինաստանի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այն երկրները, որոնք չեն ցանկանում կախվածության մեջ ընկնել արհեստական ​​բանականության (ԱԲ) զարգացման ոլորտի համաշխարհային առաջատարներից, պետք է միավորեն ջանքերը՝ այս ոլորտում սեփական կարողությունները զարգացնելու համար։

«Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկը դառնա մեծ տերություններից որևէ մեկի վասալը։ Ընդհակառակը, մենք պետք է միավորվենք՝ ստեղծելու առաջադեմ մոդել՝ բաց ելակետային կոդով (open-source) և հաջորդ սերնդի հնարավորություններով», – երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է նա՝ նկատի ունենալով ԱԲ-ի ոլորտի առաջատարներ ԱՄՆ-ին և Չինաստանին։

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ այս նախաձեռնության հնարավոր գործընկերների թվում են եվրոպական պետությունները, Կանադան, Հնդկաստանը, Բրազիլիան և Սինգապուրը, ինչպես նաև Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրները. այդ երկրները պետք է համատեղեն ոչ միայն իրենց ֆինանսական ռեսուրսները, այլև տվյալների մշակման կարողությունները։

«Մենք պետք է համատեղենք ներդրումային հնարավորությունները՝ ստեղծելու ԱԲ-ի առաջադեմ մոդել… որը կօգտագործենք համատեղ։ Մենք չպետք է կախված լինենք որևէ այլ կողմից», – հայտարարել է Մակրոնը՝ հակադրելով իր դիրքորոշումը նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, ով տեխնոլոգիաների նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ որակել էր որպես «գլոբալիստական ​​սխեմաներ»։

Մակրոնը նաև կոչ է արելկ սահմանել «խաղի նոր կանոններ»՝ արհեստական ​​բանականության օգտագործման համար զգայուն ոլորտներում, որոնք կարող են զգալիորեն ազդել ազգային անվտանգության վրա։ «Անցյալում մեզ հաջողվել է համաձայնության գալ քիմիական զենքի և այլ ռիսկերի վերաբերյալ նոր միջազգային ճարտարապետության շուրջ։ Նմանապես, մենք հիմա պետք է ընդունենք, որ տիեզերքում, պաշտպանության և կիբերանվտանգության ոլորտներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ մարտահրավերներ, որոնց նկատմամբ մենք պետք է վերականգնենք վերահսկողությունը։ Դրանք պահանջում են համագործակցության հատուկ ձև և անդամ պետությունների միջև նվիրված կառուցվածք, և մենք պետք է կառուցենք այդ համագործակցությունն ու կառուցվածքը։ Մենք չպետք է զիջենք այս հարցում», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Leave a comment