Սիգի բնական վերարտադրության ապահովման նպատակով ՀՀ տարածքից վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքից վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի։
Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, Սևանա լճում 2025-2026 թթ.-երի սիգի բնական վերարտադրությունը գնահատելու և ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թ.-ի դեկտեմբերից մինչև 2026 թ.-ի փետրվարի 6-ը իրականացվել է գիտական որս։ Գործընթացին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները։
Սիգի բնական վերարտադրության ապահովման նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր՝ ձվադրման շրջանում ապօրինի որսը բացառելու համար։
«Նախագծով առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերին դասվող, Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։