Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշումների շարքում են ստատուս քվոյի պահպանումն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի ընթացքում:
Նա նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման և դրա պահպանման համար միայն դրական մտադրությունները բավարար չեն, հայտնում է Sputnik Արմենիան:
«Խաղաղությունը լավ է, բայց այն բավարար չէ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, հակառակ դեպքում այն խախուտ կլինի», – նշել է իրանցի դիվանագետը։
Թեհրանը կարևորել է նաև առավել կայուն ու արդյունավետ տարածաշրջանային ձևաչափերի զարգացումը՝ դրանք դիտարկելով երկարաժամկետ խաղաղության, կայունության և զարգացման ապահովման տեսանկյունից։
Դեսպանը հայտնել է, որ Թեհրանը ճանաչել է արտատարածաշրջանային պետությունների օրինական շահերը, սակայն համարում է, որ Հարավային Կովկասի վերածումն արտաքին դերակատարների մրցակցության հարթակի կարող է տարածաշրջանի համար անբարենպաստ հետևանքներ ունենալ։
Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն TRIPP նախագծի իրականացման համար կարևորել է մի շարք սկզբունքային պայմանների պահպանումը։
Շիրղոլամին ընդգծել է, որ Հայաստանը ներուժ ունի կապող հանգույց դառնալու մի կողմից Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի, իսկ մյուս կողմից՝ Սև ծովի միջև։
Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանը հաշվի է առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու հասկանում է երկրի տրանսպորտային կապերը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, TRIPP-ի իրականացման առումով Թեհրանը կարևորել է, որ նախագիծը չխաթարի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Իրանի համար կարևոր է նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության բացակայությունը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադադ Ադելը Սպուտնիկ Արմենիայի թղթակցին Թեհրանում հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են փակել Հայաստանի տարածքով Իրանը Եվրոպային կապող առանցքային երթուղիներից մեկը։ Նրա խոսքով՝ Թեհրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր ցամաքային դարպաս դեպի Եվրոպա, ուստի այդ երթուղու պահպանումը բխում է երկու երկրների շահերից։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին էլ, մեկնաբանելով ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի») նախագիծը, ընդգծել է, որ Երևանը պետք է մշակի մեխանիզմ, որը թույլ կտա իրացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ներուժը՝ միաժամանակ հաշվի առնելով ամերիկյան ներկայության դեպքում Թեհրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները։