Հայաստանում միգրացիոն հոսքերի հետևանքով անշարժ գույքի վարձակալության շուկայում արձանագրված կտրուկ գնաճից ամենաշատ տուժածների թվում արցախցիներն են, հայտարարել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկման ընթացքում:
Նա ընդգծել է, որ բնակապահովման հավաստագիր վերցրած արցախցի 8000 ընտանիքից 4000-ն այ դեռ չի իրացրել՝ նշելով, որ արցախցիների սոցիալական և բնակարանային դրությունը շարունակում է ծանր մնալ, հայտնում է Panorama.am-ը:
«Պետական այն չնչին աջակցությունը, որ վարձավճարների համար տրամադրվում է արցախցիներին, որևէ ձևով չի համապատասխանում նրանց կարիքներին, իսկ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում դեռևս ընդամենը 4000 ընտանիք է կարողացել վերջնականորեն ապահովել իր բնակարանային ապահովման մարդը։ 8000 ընտանիք վերցրել է սերտեֆիկատը, որից իրացրել է 4000-ը։ Այս թիվը հուշում է այն մասին, որ մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ինչպես իրացնել այդ հավաստագիրը. համապատասխան բնակարան՝ համապատասխան այդ պահանջներին և համարժեք արժեքին, չեն կարողանում գտնել։ Բացեք List.am-ը, կտեսնեք՝ Երևանի հարակից տարածքներում ինչ բնակարաններ կգտնեք»,-ասել է նա։
ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկման կեսից ՔՊ խմբակցության պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները հեռացել են դահլիճից։
Մինչ այդ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանն ասել էր «Մենք այսօր եկել էինք այն ակնկալիքով, որ կքննարկենք Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր, բայց այս հանդիպումը կարծես դարձել է միջխորհրդարանական հանդիպում, ինչ-որ պաշտոնների անուններ են հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինելու երկու խորհրդարան, երկու կառավարություն։ Մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։