ՀՀ–ում ապրող 8000 արցախցիներից 4000–ն է օգտվել բնարանային ծրագրից. Գեղամ Ստեփանյան

Բաժանորդագրվել

Արցախի ՄԻՊ-ի ելույթից հետո քննարկմանը ներկա ՔՊ–ական հատուկենտ պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները ցուցադրաբար լքեցին դահլիճը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ապրող 8000 արցախցի վերցրել է պետության կողմից տրվող բնակարանային աջակցության սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000–ը։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Դա նշանակում է, որ մարդիկ վերցնում են, բայց չեն կարողանում իրացնել այդ սերտիֆիկատները` այդ պայմաններին համապատասխան ու համարժեք չեն կարողանում գտնել բնակարան։ Պետության կողմից տրվող չնչին այն աջակցությունը, որ տրվում է բնակարանների վարձավճարների համար, որևէ կերպ չի համապատասխանում արցախցիների կարիքներին»,– ընդգծեց նա։

Ստեփանյանի ելույթից հետո ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները, սակայն այս հանդիպումը կարծես թե դարձել է միջխորհրդարանական հանդիպում։

«Ինչ–որ պաշտոնների անուններ են հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ ՀՀ–ում չի կարող լինել երկու խորհրդարան, կառավարություն, մենք ստիպված լքում ենք այս քննարկումը»,– հայտարարեց Պողոսյանը, ում, ըստ էության, դուր չէր եկել այն, որ Գեղամ Ստեփանյանը ներկայացել էր որպես Արցախի ՄԻՊ։

Ստեփանյանը ՔՊ պատգամավորների հետևից արձագանքեց, թե հույս ունի՝ նրանք գոնե առցանց կհետևեն իրենց քննարկմանը։

Նիստը վարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, դիմելով դահլիճը լքող կառավարության անդամներին և, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանին, ասաց. «Մի՞թե այս հարցերը կառավարության ներկայացուցիչներին հասցեագրված չէին։ Հարգելի կառավարություն, հիշեք, որ դուք հաշվետու եք Ազգային ժողովին…»։

Արդյունքում քննարկումը շարունակեցին միայն ընդդիմադիր պատգամավորներն ու արցախցիների ներկայացուցիչները։

Leave a comment