ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայությունն ընտրողներին

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում՝ առաջարկում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայությունն ընտրողներին

Նախագծով առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներին տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար, հայտնում է Factor.am-ը:

Միաժամանակ նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն անձանց, որոնք ավարտել են համապատասխան կրթական ծրագիրը և ՆԳՆ-ում կամ նախարարությանը ենթակա պետական մարմիններում նշանակվել են Ոստիկանության կամ Փրկարար ծառայության պաշտոնի։ Ազատման համար նրանք պետք է այդ մարմիններում ծառայեն օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով։

Նախագծով սահմանվել է նաև, որ տարկետման և համապատասխան ծառայության ժամկետը չի կարող շարունակվել անձի 35 տարին լրանալուց հետո։

Ընդունելության առաջին փուլում նախատեսվել է տարկետման իրավունքով հատկացնել 70 տեղ։ Հետագայում այդ տեղերի քանակը կարող է ավելացվել կառավարության համապատասխան որոշմամբ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ մեկ սովորողի մեկ տարի վեց ամիս տևողությամբ կրթության հաշվարկային ծախսը կազմում է 4 միլիոն 333 հազար 320 դրամ։

Leave a comment