DW. Բաքուն ազատ է արձակել լրտեսության համար դատապարտված ֆրանսիացուն․ ԵՄ-ն ռուս միլիարդատերերին հանել է պատժամիջոցների ցուցակից

Եվրոպական միության պատժամիջոցների ցուցակից երկու ռուսաստանցի գործարարների հեռացումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին, ով մարտին Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Ալիևն ընդհանուր առմամբ ներում է շնորհել 20 անձանց՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակն ու ընտանեկան հանգամանքները։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle (DW) լրատվամիջոցը, 2023 թվականի դեկտեմբերին Ռայանի ձերբակալությունը տեղի էր ունեցել Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լուրջ լարվածության ֆոնին, երբ Ալիևը Ֆրանսիային մեղադրում էր Հայաստանին զենք մատակարարելու միջոցով Կովկասում նոր պատերազմ հրահրելու փորձերի մեջ։ Ռայանը հերքում էր բոլոր մեղադրանքները, իսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անարդյունք պահանջում էր նրա ազատ արձակումը։

DW-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 22-ին ԵՄ երկրները, պատժամիջոցների ժամկետի ավարտից կարճ ժամանակ առաջ, համաձայնեցրել են Ռուսաստանի հետ կապված շուրջ 3000 անհատների և կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումների երկարաձգումը 36 ամսով։ Սակայն այդ ցուցակից դուրս են մնացել ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովը և Միխայիլ Ֆրիդմանը։

Ուսմանովին պատժամիջոցներից ազատելու հարցում հատկապես պնդել է Ֆրանսիան՝ դա հիմնավորելով «ազգային անվտանգության» շահերով։ AFP գործակալության բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ Փարիզն իր պահանջը փոխկապակցել էր Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Ֆրանսիայի քաղաքացիների վերաբերյալ համաձայնության հետ։ Բացի այդ, Ալիևն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես հանդես էին գալիս ծագումով ուզբեկ Ուսմանովի պաշտպանությամբ, իսկ Ուզբեկստանը հանդիսանում է Ֆրանսիայի առանցքային գործընկերը միջուկային էներգետիկայի և ուրանի մատակարարման ոլորտում։

Պարբերականը նշում է, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններում աստիճանաբար նկատվում է ջերմացում։ Օրերս Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը, որպես բարի կամքի դրսևորում, մասնակցել էր Արցախի Շուշի քաղաք կազմակերպված այցին և բարձր գնահատել Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment