Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ Առինջ համայնքում հողերի կառավարման և օտարման գործընթացում մի շարք խախտումներ են արձանագրվել։ ՊՎԾ-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել են նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին հողերի օտարման հետ կապված հանգամանքներ։
Ծառայության հաղորդմամբ՝ Առինջի վարչական տարածքում գտնվող 16.17 հեկտար՝ օտարման ոչ ենթակա և 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված հողատարածքն աճուրդով վաճառվել է Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲԸ-ին։ ՊՎԾ-ն նշում է, որ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել։
Բացի այդ, 2017 թվականին Առինջ համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողեր՝ ընդհանուր 8 մլրդ 38 մլն 9 հազար 325 դրամ կադաստրային արժեքով, փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության՝ արոտի կատեգորիա։ Դրա արդյունքում դրանց կադաստրային արժեքը նվազել է ավելի քան 8 մլրդ դրամով՝ շուրջ 99.94 տոկոսով։
Այնուհետև այդ հողերը համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի և 21 մլն 533 հազար 157 դրամով օտարվել Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին։ Գործարքները, սակայն, իրավունքի պետական գրանցում չեն ստացել։
ՊՎԾ-ի հաղորդմամբ՝ նոր աճուրդներ անցկացնելու փոխարեն փոփոխվել են նախկին աճուրդների արձանագրությունների և համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները, որից հետո, ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա, կնքվել են անշարժ գույքի աճուրդ-վաճառքի չորս պայմանագրեր։ Դեպքերի առթիվ հաղորդումներ են ներկայացվել Գլխավոր դատախազություն, և նախաձեռնվել են քրեական վարույթներ։