Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրավիրված քննարկման ժամանակ ներկայացրեց օգոստոսի 19-ին Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական վրաերթից որոշ մանրամասներ։
Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս առաջ ժամը 21։00-ի սահմաններում մթության մեջ վազող զինվորներին հարվածել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով մեկ զինծառայող էր զոհվել, 6-ը՝ վիրավորվել։
Ըստ Սաքունցի՝ զորամասի շտաբի պետը, ընթրիքի ժամանակ բարձր խոսելու պատճառաբանությամբ, որոշել է պատժել զինծառայողներին։ Ընդ որում, պատժի են ենթարկվել ոչ թե աղմկողները, այլ կողքի սեղանին նստած 7 զինծառայողները։
«Զորամասի տարածքից դուրս է բերում, երեկոյան ժամին վազացնում է որպես պատժիչ, հետո կեսից թողնում է։ Այս պահին իմ ունեցած տեղեկություններն եմ ասում, հետո այդ առանձին, առանց համարանիշների բեռնատար մեքենան գալիս է ու վթարի է ենթարկում։ Մի խայտառակ բան։ Այնտեղ նաև շտաբի պետն իր մեքենայով է ուղեկցում այդ վազող զինվորներին, արդեն երբ 150 մետր է մնում, որ հասնեն զորամասին, ասում է՝ դե ես արդեն գնացի, հետո կգաք։ Այսինքն, ինքը թողնում է զինծառայողներին առանց հսկողության։ Վթարը լինում է, այդ մի երեխան՝ զոհվում։ Ես չգիտեմ, կարծեմ շտաբի պետին հեռացրել են, բայց առաջին քրեական գործի հարուցման առաջին իսկ գործողությունը եղել է վարորդին կալանավորելը»,- ընդգծեց Սաքունցը։
Իրավապաշտպանը նշեց, որ թեև շտաբի պետը հեռացվել է պաշտոնից, քրեական վարույթի շրջանակում առաջին գործողությունը եղել է բեռնատարի վարորդին կալանավորելը, մինչդեռ զինծառայողներին ապօրինի պատժի ենթարկած և անօգնական վիճակում լքած հրամանատարական կազմի պատասխանատվության հարցը պետք է առաջնային քննության առարկա դառնար։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ողբերգական վրաերթից 3 շաբաթ անց պաշտոնանակ է արվել Ճամբարակի զորամասի հրամանատար, գնդապետ Դալլաքյանը։ Նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ վթարը տեղի է ունեցել Ճամբարակում տեղակայված ուսումնական զորամասում, այնինչ պաշտոնից ազատվել է Ճամբարակի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականցնող զորամասի հրամանատարը։
«Ճամբարակի գնդի հատվածում կա երկու զինվորական մաս: Առաջինը՝ բուն Ճամբարակի զորամասն է, որը, այդ թվում, նաև մարտական հերթապահություն է իրականացնում, և դրա տարածքում տեղակայված է նաև բանակային կորպուսի ուսումնական գումարտակը: Եվ այդ ուսումնական գումարտակը ամբողջությամբ գտնվում է ոչ թե Ճամբարակի զորամասի հրամանատարի, այլ բանակային կորպուսի ենթակայության ներքո: Հիմա, եթե դեպքը տեղի է ունեցել այդ ուսումնական գումարտակում, նշանակում է, որ ընդհանուր Ճամբարակի զորամասի հրամանատարը դրա հետ ուղիղ առնչություն կարող է չունենալ»,- ասել էր պատգամավորը։
Պաշտպանության նախարարությունը մինչ օրս այդպես էլ չի պարզաբանում՝ ինչ հիմնավորմամբ է պաշտոնից ազատվել բարձրաստիճան զինվորականը՝ քրեական վարո՞ւյթի, նոր երևան եկած հանգամանքների՞, թե՞ ծառայողական քննությա՞ն արդյունքներով։ Այս պահին գործով երկու կալանավորված մեղադրյալ կա, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով և Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ Հ․ Ս․-ն․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան