Էնդոկրինոլոգ Ալեքսանդր Յուրոչկին․ ավելորդ քաշը նորմալ սննդակարգի և բավարար ֆիզիկական ակտիվության պայմաններում կարող է ազդանշել առողջական խնդիրների մասին:
Բժիշկ Յուրոչկինը «ՄեդիկՖորում»-ի հետ զրույցում հայտնել է, որ ավելորդ կիլոգրամների առկայությունը պարտադիր չէ, որ խնդիր լինի: Որոշակի ավելորդ քաշի դեպքում լիովին հնարավոր է մնալ առողջ մարդ, նշել է մասնագետը: Միևնույն ժամանակ, քաշի արագ ավելացումն այն պայմաններում, երբ չկա շատակերություն և առկա է ֆիզիկական ակտիվություն, կարող է լինել լուրջ բժշկական խնդիրների տագնապալի նշան:
Էնդոկրինոլոգ Յուրոչկինը նշել է կանանց մոտ քաշի արագ ավելացման հիմնական պատճառները․
Վահանաձև գեղձի ցածր ակտիվություն (հիպոթիրեոզ)․ Վահանաձև գեղձի կողմից վերահսկվող հիմնական գործառույթը նյութափոխանակությունն է: Դրա ակտիվության թուլացումը նշանակում է, որ փոխանակման գործընթացները կատարվում են ավելի դանդաղ, նվազում է մետաբոլիզմը (հանգստի վիճակում), և ճարպային զանգվածը կուտակվում է ավելի արագ (հատկապես ածխաջրային մթերքներ օգտագործելիս): Բացի անհաղթահարելի գիրությունից, հիպոթիրեոզի մասին վկայում են նաև բարձր հոգնածությունը, թուլությունը, ցերեկային քնկոտությունը (գիշերային դժվար քնով հանդերձ), լացկանությունը, մազաթափությունը և մաշկի չորությունը:
Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ (ՁՊՀ / СПКЯ)․ Եվս մեկ «կանացի խնդիր»՝ հարուցված հորմոններով: ՁՊՀ-ն էնդոկրին հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում խափանում սեռական հորմոնների՝ էստրոգենի և տեստոստերոնի արտադրության մեջ: Յուրոչկինի խոսքով՝ այս ախտաբանությունն ունեցող կանանց մոտ խախտվում է օրգանիզմի կողմից ինսուլինի (ածխաջրերը էներգիայի վերածելու համար պատասխանատու հորմոնի) օգտագործման եղանակը: Հենց սրա հետ կապված էլ տեղի է ունենում քաշի ավելացում:
Պերիմենոպաուզա և մենոպաուզա․ Արդեն իսկ պերիմենոպաուզայի ընթացքում (այն շրջանը, որը նախորդում է կանանց մենոպաուզային) կանացի օրգանիզմում կարող է տեղի ունենալ հորմոնների քանակի կտրուկ նվազում, ինչը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության վրա և նպաստում քաշի արագ ավելացմանը:
Կուշինգի հիվանդություն․ Ճգնաժամային իրավիճակներում մարմինն արտադրում է կորտիզոլ՝ «սթրեսի հորմոն»: Եթե դրա մակարդակն օրգանիզմում չափազանց բարձրանա, կարող է զարգանալ Կուշինգի հիվանդությունը՝ որովայնի և մարմնի վերին հատվածում ճարպային կուտակումների տհաճ կողմնակի ազդեցությամբ: Որոշ դեպքերում Կուշինգի հիվանդությունը զարգանում է ուղեղի ուռուցքի պատճառով: