Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հակահայկական հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով ակնհայտ ապատեղեկատվությանն ու հեգնական հռետորաբանությանը։ Ադրբեջանական «1NEWS.az» պորտալի հրապարակած տեսանյութում Ալիևը պնդում է, թե իբր Քարվաճառի, Բերձորի և Կովսականի շրջաններում հայկական կողմը «ոչնչացրել, թալանել և վաճառել է 60 հազար հեկտար անտառային ֆոնդ»։
Բաքվի բռնապետն իր խոսքում հասել է անգամ կենցաղային մակարդակի հեգնանքի՝ հայտարարելով, թե 2020 թվականի պատերազմից հետո Քարվաճառն ու Բերձորը լքելիս հայերը «չեն մոռացել անգամ սանտեխնիկայի մասին»։ Ալիևը փորձել է հեգնել, թե իբր հայերի համար «գլխավոր սրբությունը սանտեխնիկա տանելն էր»։
Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունները դասական քարոզչական մանիպուլյացիա են։ Բաքուն հետևողականորեն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել իր կողմից իրականացված հանցագործություններից՝ Արցախի ամբողջական հայաթափումից, էթնիկ զտումներից և հայկական դարավոր պատմամշակութային ժառանգության բացահայտ ոչնչացումից։
Հատկանշական է, որ բնության «ոչնչացման» մասին խոսող Ալիևը մոռացության է տալիս այն փաստը, որ հենց ադրբեջանական զինուժն է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված քիմիական զինատեսակների, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ դիտավորյալ հրդեհել Արցախի հազարավոր հեկտար անտառներն ու էկոհամակարգերը։ Իսկ 44-օրյա պատերազմից և Արցախի օկուպացիայից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում, անվտանգության ու շինարարական կասկածելի աշխատանքների անվան տակ, պարբերաբար խոշոր հրդեհներ են բռնկվել՝ պատճառելով ահռելի բնապահպանական վնաս, էլ չհաշված համատարած անտառահատումներն ու հանքավայրերի ապօրինի շահագործումը։
Սեփական տներից բռնի տեղահանված, տասնամյակների ստեղծած ունեցվածքն ու հարազատների գերեզմանները թողած մարդկանց վերաբերյալ նման հեգնական ձևակերպումները ի ցույց են դնում Բաքվի իշխանությունների ատելության քարոզն ու քաղաքակիրթ երկխոսության իսպառ բացակայությունը։