Ամերիկյան Bloomberg գործակալությունը ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստանում «Firebird AI» ընկերության ԱԲ գործարանին, երկրի տեխնոլոգիական հնարավորություններին և ԱՄՆ-ի հետ համագործակցությանը։
Գործակալությունը հիշեցրել է, որ «Սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միության ամենափոքր պետությունը՝ Հայաստանը, եղել է կոմունիստական գերտերության էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների կենտրոններից մեկը։ Այժմ, ըստ Bloomberg-ի, Հայաստանը շարժվում է աշխարհում ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը:
«Սան Ֆրանցիսկոյում գործող Firebird ստարտափը օգոստոսին սկսեց Հայաստանում դատա-կենտրոնի կառուցումը, որի հզորությունը հաջորդ տարվա վերջին կհասնի 300 մեգավատի և հագեցած կլինի ավելի քան 70,000 գերժամանակակից չիպերով: Դրա մշակման հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման համար՝ աջակցելու տեղական հետազոտական, կառավարական և ստարտափ էկոհամակարգերին, իսկ մնացած մասը հատկացվում է օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան ընկերություններին, ինչպիսիք են Perplexity AI-ը»,- նշված է հոդվածում:
Հայկական ծագում ունեցող հիմնադիրների ստեղծած Firebird ընկերությունն ընդգծել է, որ Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա՝ Հրազդանում տեղակայված համալիրը շուտով դառնալու է տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և ընդգրկվելու է Եվրոպայի խոշորագույնների շարքում։
«Սա տնտեսական առավելություն է, որը հեռահար հետևանքներ ունի Հարավային Կովկասի և հարևան Կենտրոնական Ասիայի համար, որտեղ Firebird-ն արդեն ընդլայնվում է, և որտեղ խոշոր տերությունները մրցում են ռազմավարական միջանցքում գերիշխանության համար, որը միացնում է Եվրոպան և Չինաստանը ՝ շրջանցելով Ռուսաստանը»,- ասված է հրապարակման մեջ
«Հայաստանն ունի ակնառու տեխնիկական տաղանդներ և դինամիկ, աճող նորարարական էկոհամակարգ։ Այդ իսկ պատճառով մենք վաղուց սկսել ենք ներդրումներ կատարել նրա ապագայի համար: Մենք գիտենք, որ Հայաստանը կարող է տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք իրենց հերթին կամրապնդեն տարածաշրջանային կապերը և կօգնեն երկարաժամկետ կայունության հիմք ստեղծել»,- նշել է Nvidia-ի ներկայացուցիչը:
Հրապարակման համաձայն՝ տվյալների կենտրոնն իր դերակատարումն է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում։ Բանակցություններին ներգրավված անձանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոստացել է թույլատրել Nvidia-ի արտադրանքի արտահանումը՝ Հայաստանի հետ բանակցություններն առաջ մղելու համար Ադրբեջանի հետ ԱՄՆ միջնորդությամբ պատմական համաձայնության ճանապարհին։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է, որ անցյալ տարի Վաշինգտոնում ստորագրված երկկողմ համաձայնագրերը, այդ թվում՝ Կիսահաղորդիչների և արհեստական ինտելեկտի վերաբերյալ, Հայաստանի համար կարևոր խաղաղ դիվիդենտներ են ներկայացնում»,- նշված է հոդվածում:
Հոդվածի հեղինակը նաև հիշեցրել է, որ Nvidia-ի հետ Հայաստանի համագործակցությունն սկսվել է 2019 թվականին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է չիպեր արտադրող ընկերության Սանտա Կլարայի գրասենյակ։ Դա տեղի է ունեցել OpenAI-ի ChatGPT-ի գործարկումից և արհեստական բանականության բումից մի քանի տարի առաջ։ Հանդիպումը կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Արշակյանը, որը եղել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարության հիմնադիրներից մեկը, իսկ այժմ ղեկավարում է Հայաստանում նորարարությունը խթանող և ամբողջ աշխարհից տեխնոլոգիաների ու ՏՏ ոլորտի ղեկավարներին միավորող հիմնադրամի վարչությունը։
«Ըստ Արշակյանի, ով 2024 թվականին մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ չիպեր ստանալու վերաբերյալ բանակցություններին, ավելի քան վեցամսյա բանակցություններից հետո, պետական համալսարանի նախագիծը արտահանման լիցենզիաներ է ստացել Nvidia H100-ի 64 առաջատար արագացուցիչների խմբաքանակի համար, որն այն ժամանակ տարածաշրջանի ամենամեծ գերհամակարգիչն էր:
Արշակյանի խոսքով ՝ նախագծի մեկնարկի համար պահանջվել է ավելի քան մեկ տարի, քանի որ Հայաստանին պակասում էին տվյալների մշակման կենտրոնների կառուցման մասին գիտելիքները: Սակայն այդ փորձը թույլ է տվել կարևոր գիտելիքներ ձեռք բերել բոլոր ոլորտներում՝ մասնագիտացված շինարարությունից մինչև ԱՄՆ արտահանման կարգավորում», – ասվում է հոդվածում:
Firebird ընկերությունը 2026 թվականի օգոստոսին Հայաստանում գործարկել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը՝ ստեղծելով ԱԲ հաշվարկային նոր կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքի վրա։ ԱԲ գործարանները ԱԲ-ի դարաշրջանի հիմնարար ենթակառուցվածքներն են՝ ապահովելով անհրաժեշտ հաշվարկային հզորություններ՝ տարբեր ոլորտներում ԱԲ մոդելները լայնածավալ մասշտաբով ուսուցանելու, կատարելագործելու և կիրառելու համար։ Հրազդանում ԱԲ գործարանի բացման արարողության մասնակիցներին տեսաուղերձ է հղել NVIDIA ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Յենսեն Հուանը։