Չախոյան․ 20 մլն դրամ աշխատավարձ ստացողը ինչու պետք է գա 1 մլն դրամավ Հայաստանում նախարար աշխատի

Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պաշտպանել են օրենսդրական նոր փաթեթը, որով նախատեսվում է գրեթե կրկնապատկել նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ պնդելով, որ հանրային ընկալման մեջ հարցը ոչ ճիշտ է ներկայացվում։

Տարոն Չախոյանն ասել է, թե 20 մլն դրամ աշխատավարձ ստացողը ինչու պետք է գա 1 մլն դրամավ Հայաստանում նախարար աշխատի, հայտնում է Factor.am-ը:

Նա շեշտել է որ պետական համակարգը մասնավոր հատվածի հետ մրցակցելու խնդիր ունի, ինչի հետևանքով որակյալ կադրերի արտահոսք է տեղի ունենում։ Չախոյանը հավելել է, որ փոփոխություններն առնչվում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև պետական համակարգի մոտ 20 հազար աշխատակցի։

Նրա խոսքով՝ առաջին կարգի և ավագ մասնագետների աշխատավարձերի բարձրացումն աշխատավարձային հիերարխիայի տրամաբանությամբ հանգեցրել է նաև բաժինների ու վարչությունների պետերի, փոխնախարարների և նախարարների դրույքաչափերի վերանայմանը։

Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր հերթին հղում է արել միջազգային փորձին՝ պնդելով, որ բարձր վարձատրվող պաշտոնյաների և կոռուպցիայի մակարդակի միջև հակադարձ համեմատական կապ կա։ Նրա ներկայացմամբ՝ արժանապատիվ վարձատրությունը նվազեցնում է ապօրինի եկամուտներ որոնելու շարժառիթները և նպաստում պետական ծառայության որակի բարձրացմանը։

«Աշխարհում կա նեգատիվ կորելացիա՝ պետություններում բարձր աշխատավարձով վարձատրվող պաշտոնյաների և կոռուպցիայի աստիճանի միջև»,- ասել է Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հիմքով են կրկին բարձրացվում պետական պաշտոնյաների աշխատավարձերը, հայտնում է Panorama.am-ը:

Աղաջանյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ պետական պաշտոնյաների աշխատավարձերը ցածր են, կոռուպցիայի մակարդակը բարձր է։

ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ կան երկրներ, որտեղ երկրի ղեկավարը 300 հազար դոլար աշխատավարձ է ստանում՝ որպես օրինակ մատնանշելով Սինգապուրը։

«Մեր նշաձողը պետք է լինի 0 հանդուրժողականություն որևէ կոռուպցիոն դրսևորման և կոռուպցիայի մակարդակի նկատմամբ և եթե ուսումնասիրելով նման պետությունների փորձառությունը, պարզվի որ հիմնական պատճառն աշխատավարձերն են, պետք է բարձրացվեն»,- ասել է Աղաջանյանը:

Նա հավելել է, որ խնդիրն աշխատավարձերի բուն բարձարման մեջ չէ, այլ պետության ընդհանուր տնտեսության համատեքստում, պետական համակարգում մրցունակ աշխատավարձերի սահմանումն է, որի շնորհիվ կներգրավվեն բարձրակարգ պրոֆեսիոնալներ և դրա արդյունքում կբարձրանա հանրային ծառայությունների մակարդակը։

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հիմնավորելիս Չախոյանը նաև հայտարարել է, որ 2017 թվականից հետո կենսաթոշակները երեք անգամ բարձրացվել են, մինչդեռ պետական պաշտոնյաների աշխատավարձերը նույն չափով չեն աճել։

Կառավարության առաջարկած աշխատավարձերի բարձրացման օրենսդրական փաթեթը քննարկումների առիթ է դարձել: Նախատեսվող փոփոխությունները պետական բյուջեի համար տարեկան ավելի քան 25 միլիարդ դրամի լրացուցիչ ծախս են ենթադրում, ինչն էլ հանրության շրջանում հարցեր է առաջացրել՝ սոցիալական առկա խնդիրների պայմաններում նման ծախսի հիմնավորվածության վերաբերյալ։

Leave a comment