Քաղաքականություն
22.09.2026 | 14:07
Սպիտակ տունը YouTube-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին շուրջօրյա հեռուստաալիք է գործարկել։
«Դիտեք Թրամփի վարչակազմի գործունեության ամենակարևոր իրադարձությունները մեկ վայրում։ Լավագույն տեսանյութերը, առանցքային ելույթներն ու ամենահետաքրքիր պահերը՝ շուրջօրյա հեռարձակմամբ, որը թարմացվում է իրական ժամանակում։ Եղեք տեղեկացված»,- ասվում է Trump TV-ի նկարագրության մեջ։
Սեպտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ CNN-ին, MS NOW-ին և Politico-ին արգելում է այցելել Սպիտակ տուն՝ «կեղծ լուրերի մշտական տարածման կապակցությամբ»։ Հաջորդ օրը երեք լրատվամիջոցների թղթակիցներին թույլ չէին տվել մուտք գործել Սպիտակ տան համալիրի տարածք։
Ի պատասխան՝ լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների հավատարմագրումը: Ավելին, չորս խոշոր ամերիկյան հեռուստաընկերությունները (ABC, CBS, NBC և Fox News), որոնք CNN-ի հետ միասին Սպիտակ տան հեռուստատեսային խմբի մաս են կազմում, հրաժարվել են փոխարինել հեռացված անձնակազմին:
«Հանրությունը կենսականորեն շահագրգռված է իր կառավարության մասին ճշգրիտ և անկախ տեղեկատվություն ստանալու հարցում։ Ոչ մի վարչակազմ չպետք է սահմանափակի լրատվական կազմակերպության գործունեությունը պարզապես այն պատճառով, որ իրեն դուր չեն գալիս նրա հաղորդումները»,- ասվում է հեռուստաընկերությունների տարածած համատեղ հայտարարությունում։
Այս որոշումը նշանակում է, որ հեռուստաընկերությունների ընդհանուր անձնակազմը չի լուսաբանի Թրամփի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնց ընթացքում նախատեսված էր լրագրողների աշխատանքը։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում Fox News-ի բյուրոյի ղեկավար Բրայան Բոթոնի նամակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի