«Թրամփի պահվածքը վկայում է միակողմանի մոտեցման հստակ միտման մասին։ Սա շատ վտանգավոր է»,- ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան «CNN»-ին տված հարցազրույցում։
– Թրամփն ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ։ Նա իրավունք ունի կառավարելու Միացյալ Նահանգները, սակայն իրավունք չունի կառավարելու այլ երկրներ։ Նա իրավունք չունի պարտադրելու իր կամքը։ Մենք չենք ցանկանում միջամտություն։ Մենք ցանկանում ենք գործընկերություն։ Թրամփի պահվածքը վկայում է միակողմանի մոտեցման հստակ միտման մասին։ Սա շատ վտանգավոր է։ Քանի որ այդ դեպքում կարող է գերիշխել ամենաուժեղը՝ նա, ով ունի ամենամեծ տնտեսությունը, ամենաշատ սպառազինությունը կամ տեխնոլոգիական ամենամեծ հզորությունը։
– Առևտուրը պետք է հավասարակշռված լինի։ Այն պետք է երկկողմանի գործընթաց լինի՝ ես գնում եմ և ես վաճառում եմ։ Պետք է պահպանվի որոշակի հավասարակշռություն՝ խուսափելու համար լուրջ անհամաչափություններից, երբ մի երկիրը մյուսի նկատմամբ հսկայական դեֆիցիտ է ունենում։ Այն ամենը, ինչ կարդում ենք՝ փաստաթղթերն ու համաձայնագրերը, տպավորություն է ստեղծում, թե Միացյալ Նահանգները հրամաններ է տալիս Վենեսուելային։ Այլ կերպ ասած՝ երկրի ինքնիշխանությանը վերջ է դրվել։ Սա լավ չէ։ Սա լավ չէ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Վենեսուելայի և ո՛չ էլ ժողովրդավարության համար։
– Նա միապետի պես է իրեն պահում։ Ես համաձայն չեմ կառավարման այս ոճի հետ։ Սա կառավարման այնպիսի ձև է, երբ ասում ես. «Ես ուժեղ եմ, ես ավելի մեծ եմ, ես ավելի հարուստ եմ, կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ, իսկ մյուս բոլորը պետք է ենթարկվեն»։ Սա կոչվում է ուժեղագույնի օրենք։ Ես համաձայն չեմ այդպիսի օրենքի հետ։