Վարչապետը Նոբելյան մրցանակակիր Բաներջիի հետ քննարկել է բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր և աշխարհի առաջատար տնտեսագետներից Աբհիջիթ Բաներջիին, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։

Վարչապետը ողջունել է Բաներջիի այցը Հայաստան և կարևորել քաղաքականությունների մշակման, իրականացվող ծրագրերի ազդեցության գնահատման ու այլ ուղղություններով համագործակցությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել տարբեր ոլորտներում։ Այս համատեքստում վարչապետը կարևորել է կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու նպատակով։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել հետագա համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Leave a comment