«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում ծառատունկ է իրականացրել (PAN.am)

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն Անկախության տարեդարձի առթիվ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրում ծառատունկ է իրականացրել։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այս տարի իրենց համար մարտահրավեր է դարձել Տիգրանաշենը՝ այն հայկական պահելու և զարգացնելու, այլ ոչ թե հանձնելու նպատակով։

«Այս ծառատունկը խորհրդանշում է զարգացում, այլ ոչ թե հանձնում։ Այն կարելի է կոչել Անկախության պարտեզ կամ այգի»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Կարապետյանը տեղեկացրել է, որ ունեն զբոսաշրջային ծրագիր և առաջիկայում պատրաստվում են դիմել շինարարության թույլտվություն ստանալու համար։ Ծրագրով նախատեսվում է Տիգրանաշենի տարածքում զբոսաշրջային գոտի ստեղծել՝ կառուցելով գլեմփինգ, որը բնության գրկում հանգիստը համատեղում է հյուրանոցային հարմարավետության հետ։

«Որպեսզի կարողանան Երևանից ընդամենը մի քանի տասնյակ րոպե հեռավորության վրա գալ այստեղ, տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն, դուրս գան»,– ասել է նա։

Կարապետյանի գնահատմամբ՝ շինարարության թույլտվություն ստանալու հնարավորությունը կարող է խնդրահարույց լինել։ Միաժամանակ, նրանց առաջարկած զբոսաշրջային ծրագիրն ամբողջ տարածքի համար նման թույլտվություն չի պահանջելու։ Այն անհրաժեշտ է լինելու միայն ռեստորանային հատվածի համար։ Այդ պատճառով նախատեսվել է սկզբում կառուցել գլեմփինգը, իսկ այնուհետև ռեստորանի կառուցման թույլտվություն ստանալ։

Նա նաև հայտնել է, որ օրվա ընթացքում նախատեսել են հանդիպել Տիգրանաշենի բնակիչների հետ, այցելել նրանց տներն ու մի քանի առաջարկ ներկայացնել։

Կարապետյանի խոսքով՝ առաջարկներից մեկը ճանապարհի հարևանությամբ շուկա կառուցելն է, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան տեղում վաճառել իրենց բերքը։

Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշել են իրենց ստացած պարգևավճարները հատկացնել Տիգրանաշենի տների բարեկարգմանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով անկախության պահպանմանն ու պետության ապագայի վերաբերյալ իր պատկերացումներին։

«Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Անկախությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու իրավունքն է, սեփական պետությունն ունենալու և այն պաշտպանելու վճռականությունը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք, և այն ավելի ուժեղ դարձնել, պահպանել հայկական հողերը, Սահմանադրությունը և հայի ինքնությունը:

Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին։

Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք։ Այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ, արժանապատիվ քաղաքացիներով և իշխանությամբ, որը գիտի՝ պետության առաջին պարտավորությունը սեփական ժողովրդի ու պետական շահի պաշտպանությունն է։

Մենք հավատում ենք Հայաստանին, որը խաղաղության է ձգտում, բայց խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանին, որը բանակցում է, բայց չի հրաժարվում իր ազգային շահերից, իր ինքնությունից։

Համագործակցում է բոլորի հետ, բայց իր ապագայի որոշումը պահում է սեփական ձեռքում։ Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Եվ այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստան։ Տո՛նդ շնորհավոր, Հայաստան»,-ասվում է ուղերձում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել էր Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղին։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ անկլավների և էքսկլավների հարցերը դեռ մանրամասն չեն քննարկվել։ Փաշինյանի խոսքով՝ դրանք պետք է կարգավորվեն խաղաղության, այլ ոչ թե հակամարտության տրամաբանությամբ՝ հաշվի առնելով երկու հանրապետությունների բնակիչների շահերը և նրանց համար լրացուցիչ դժվարություններ չստեղծելով։ Վարչապետը նաև հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին՝ Տիգրանաշենը, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ ոչ։

Leave a comment