Միքայելյան․ Ունեցե՞լ ենք պետական սահման՝ ուրիշ պետությունն ինչ թելադրել է, այն էլ արել ենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. չկա պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է, հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Auroranews.am-ը:

«2020 թվականից մինչև այսօր մենք մեր ծառայությունը տանում ենք, որ վերջնականապես գնանք սահմանազատման, արդյո՞ք կա պետություն, որ առանց պետական սահմանների միջազգայնորեն ճանաչված անկախ է: Մենք ասում ենք, որ 35 տարի է անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման, մեզ ուրիշ պետությունը ինչ թելադրել է, այն էլ արել ենք այս տարիների ընթացքում:

Մենք պետական սահման ունե՞նք, մեր զինծառայողները կանգնած են այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի, կարողանանք սահմանազատման գնալ: Ես գիտեմ, թե այս սահմանները ոնց են պահվել, ես մահվան ընդառաջ եմ գնացել, ես ասում են, որ նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենը անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- նշել է Միքայելյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, թե իր ընկեր Սասուն Միքայելյանը նման բան է ասել՝ նշելով, թե նա այլ բան է նկատի ունեցել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Պետական սահմանի չգոյությունը կարող է հանդիսանալ նաև պատերազմի հիմք, կարծում եմ՝ ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեզ հետ միասին»,– ասել է նա:

Քոչարյանը նաև ասել է, որ Վրաստանի հետ սահմանազատումը շարունակվում է արդեն տասնյակ տարիներ, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի:

Ապրիլի 29-ին Աղվերանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: Կողմերը անդրադարձել են սահմանազատման տեխնիկական հարցերին և համաձայնեցրել են սահմանազատման իրականացման կարգի ուղեցույցները:

Leave a comment