Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Անկախության օրվա առթիվ այցելել է Եռաբլուր՝ ընդգծելով, որ նվիրական վայրերն իր համար աղոթքի, հոգումի և ապրումի վայրեր են։
«Ես ամեն անգամ ասել եմ, որ Եռաբլուրը, նվիրական վայրերը հարցազրույցի վայր չեն և մենք հարցազրույցներ չենք տալիս։ Օրվա խորհրդով այս նվիրական վայրերը մեզ համար աղոթքի, հոգումի և ապրումի վայրեր են: Վերստին մեր հայցն ու աղոթաքը Մայր Տաճարում այսօր առ Աստված բարձրացրեցինք՝ նշելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։ Մեր խնդրանքն առ Աստված մատուցեցինք, որպեսզի անսասան լինի Հայոց պետականությունը, հայրենի մեր երկիրը և մեր ժողովուրդը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Վեհափառը հիշեցրել է, որ առավոտյան հրապարակվել է Մայր Աթոռի ուղերձն ու ժողովրդին ուղղված պատգամը։
«Եկել ենք Եռաբլուր՝ մեր խոնարհումը բերելու զոհվածների հիշատակի առջև և միաժամանակ հայցելու, որ ազգիս զավակունք, ինչպես Հայաստանում, այնպես էլ ի սփյուռս աշխարհի, ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով, նվիրումով և հանձնառությամբ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար։
Թող Տերն օգնական և պահապան լինի մեր ժողովրդին։ Ապրենք համերաշխ, միասնակն և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար նրանք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր Հայրենիքի և մեր ժողովրդի վրա, ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով»,-ասել է նա:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնшլիքներին: Նա նշել է նաև, որ Անկախության տոնը հրավեր է՝ վերարժևորելու անցած ուղին և կյանքի ընթացքը: