Անկախության օրվա առթիվ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի և այլ երկրների պաշտոնյաներ

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ԱՄՆ-ի, Թաիլանդի և Բանգլադեշի պաշտոնյաները։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։

***

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

***

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։

Այս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունը և ստեղծագործ ոգին։

Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանը արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը, հաստատվել որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում։

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։

Ղազախստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, Ձեր հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էապես բազմապատկել ձեռք բերված արդյունքները և Ղազախստան-Հայաստան համագործակցությունը ծառայեցնել մեր բարեկամ ժողովուրդների արմատական շահերին։

Այս հանդիսավոր օրը, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք իմ հարգանքի խոսքերը և անսպառ եռանդի և հետագա մեծ հաջողությունների անկեղծ մաղթանքները՝ ինքնատիպ ու նշանավոր հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

***

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առթիվ մեծ հաճույքով Ձեզ և Ձեր երկրի բարեկամ ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս։

Անկախության տարիներին Հայաստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Մենք բարձր ենք գնահատում երկու ժողովուրդներին և պետություններին կապող պատմական կապերը։

Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Տաջիկստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։

Ուրախալի է, որ այսօր մեր երկրները կառուցողական փոխգործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր բազմաբնույթ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և նպատակների իրականացում՝ ի բարօրություն երկրի բարգավաճման, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և հետագա առաջընթաց»։

***

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առիթով։

Անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։

Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված միջպետական երկխոսությունն առավել ընդլայնելու և խորացնելու մեր երկրների անսասան հանձնառությունը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

***

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

***

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիների ընթացքում Հայաստանը հաստատվել է որպես սեփական զարգացման ուղին ընտրած պետություն՝ հիմնված բաց շուկայական տնտեսության, զարգացած քաղաքացիական հասարակության և պրագմատիկ արտաքին քաղաքականության վրա։

Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում և արտահայտում է իր անփոփոխ հանձնառությունը՝ երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։

Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և համաձայնության հիման վրա մեր կառավարությունների միջև ձևավորված կապերն այսուհետ ևս կնպաստեն մեր երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների իրականացմանը։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորելով երկրի պատմության նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

***

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։

Միացյալ Նահանգները կիսում է Հայաստանի ուրախությունը՝ անկախության վերականգնման 35-ամյակի և ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավարական ապագայի ուղղությամբ ձեր պետության արձանագրած առաջընթացի արժևորման այս օրերին։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ գործում ենք՝ առաջնորդվելով խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականով։ Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։

Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առիթով»։

***

Թաիլանդի Թագավորության վարչապետ Անուտին Չանվիրակուլի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Թաիլանդի թագավորական կառավարության և Թաիլանդի թագավորության ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել սրտանց շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։

Թաիլանդը և Հայաստանն ավելի քան երեք տասնամյակ բարեկամական հարաբերություններ ունեն։ Համոզված եմ, որ մեր կապերը կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում մեր համագործակցության խորացման միջոցով։

Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Թաիլանդի ամուր հանձնառությունը՝ ամրապնդելու իր ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար, մենք մեծապես կգնահատենք Թաիլանդ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ բանակցություններում Հայաստանի աջակցությունը՝ բանակցությունների հնարավորինս շուտ մեկնարկի հարցում, որը կարևոր քայլ կլինի Թաիլանդի և Հայաստանի համար առևտրային և ներդրումային հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև մեր երկու տարածաշրջանների միջև կապակցվածությունն ամրապնդելու գործում»:

***

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Միրզա Ֆախրուլ Իսլամ Ալամգիրի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ՀՀ Անկախության օրվա առիթով ցանկանում եմ Բանգլադեշի ժողովրդի և իմ անունից փոխանցել Ձերդ Գերազանցությանն իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները։

Բանգլադեշը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և խաղաղության ու բարգավաճման ընդհանուր ձգտումների վրա։ Վստահ եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համատեղ աշխատել՝ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ՝ հանուն մեր երկու ժողովուրդների բարօրության։

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ շարունակական խաղաղություն, կայունություն, առաջընթաց և բարգավաճում»:

Leave a comment