Փաշինյանը հանձնարարեց Հանրային հեռուստատեսությանը թարմացնել ՀՀ պետական օրհներգի տեսահոլովակը՝ ընդգծելով որ այդ «հնամաշ» հոլովակն ի վերջո պետք է փոխել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց Հանրային հեռուստատեսությանը թարմացնել ՀՀ պետական օրհներգի տեսահոլովակը՝ ընդգծելով որ այդ «հնամաշ» հոլովակն ի վերջո պետք է փոխել։
«Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է․ էական չէ որտեղ է հնչում, ինչ առիթով է հնչում», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա վերաբերմունքի հարց է։
«Ինչքա՞ն կարելի է։ Ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունե՞ն, որ 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը»,- նշեց վարչապետը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նման խնդիր դրված է, սցենարային առաջարկն արդեն առկա է, և առաջիկայում հոլովակը պատրաստ կլինի և կսկսի կիրառվել։