Պուտինը, Լի Ցյանը և այլոք շնորհավորել են Փաշինյանին Անկախության 35-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից և բարձրաստիճան պաշտոնյաներից։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում բարեկեցություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում», ասվում է ուղերձում:

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում ասվում է․ «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում նշվել է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասվել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։ Այս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունը և ստեղծագործ ոգին։

Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանը արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը, հաստատվել որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում։

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։

Ղազախստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, Ձեր հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էապես բազմապատկել ձեռք բերված արդյունքները և Ղազախստան-Հայաստան համագործակցությունը ծառայեցնել մեր բարեկամ ժողովուրդների արմատական շահերին։

Այս հանդիսավոր օրը, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք իմ հարգանքի խոսքերը և անսպառ եռանդի և հետագա մեծ հաջողությունների անկեղծ մաղթանքները՝ ինքնատիպ ու նշանավոր հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում նշվում է.

«Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Տաջիկստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։

Ուրախալի է, որ այսօր մեր երկրները կառուցողական փոխգործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր բազմաբնույթ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և նպատակների իրականացում՝ ի բարօրություն երկրի բարգավաճման, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և հետագա առաջընթաց»։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասվել է.

«Անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված միջպետական երկխոսությունն առավել ընդլայնելու և խորացնելու մեր երկրների անսասան հանձնառությունը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասվում է, որ Ղազախստանն անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում և արտահայտում է իր անփոփոխ հանձնառությունը՝ երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։

Թաիլանդի Թագավորության վարչապետ Անուտին Չանվիրակուլի շնորհավորական ուղերձում ասվում է. «Թաիլանդը և Հայաստանն ավելի քան երեք տասնամյակ բարեկամական հարաբերություններ ունեն։ Համոզված եմ, որ մեր կապերը կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում մեր համագործակցության խորացման միջոցով։

Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Թաիլանդի ամուր հանձնառությունը՝ ամրապնդելու իր ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար, մենք մեծապես կգնահատենք Թաիլանդ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ բանակցություններում Հայաստանի աջակցությունը՝ բանակցությունների հնարավորինս շուտ մեկնարկի հարցում, որը կարևոր քայլ կլինի Թաիլանդի և Հայաստանի համար առևտրային և ներդրումային հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև մեր երկու տարածաշրջանների միջև կապակցվածությունն ամրապնդելու գործում»:

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Միրզա Ֆախրուլ Իսլամ Ալամգիրի շնորհավորական ուղերձում ասվում է, որ Բանգլադեշը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և խաղաղության ու բարգավաճման ընդհանուր ձգտումների վրա։

«Վստահ եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համատեղ աշխատել՝ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ՝ հանուն մեր երկու ժողովուրդների բարօրության։

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ շարունակական խաղաղություն, կայունություն, առաջընթաց և բարգավաճում»,-ասվում է ուղերձում:

Leave a comment