Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին

Աֆղանստանի արևելքում Պակիստանի բանակի իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երեք և վիրավորվել չորս խաղաղ բնակիչ։

Վկայակոչելով Աֆղանստանի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդին՝ աֆղանական «Փաջվոկ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Պակիստանի բանակն ավիահարվածներ է հասցրել արևելյան Կունար և Պակտիկա նահանգներում։

Մուջահիդը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են նաև մի շարք բնակելի տներ և առևտրային օբյեկտներ։ Նա դատապարտել է ավիահարվածները՝ ընդգծելով աֆղանական կողմի պատրաստակամությունը՝ տալու «համարժեք պատասխան»։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով իրականացվել են «թիրախային և ընտրողական ավիահարվածներ՝ ուղղված «Ֆիտնա ալ-Խավարիջ»-ին (Fitna al-Khawarij) և դրա հետ կապված խմբավորումներին պատկանող ահաբեկչական ճամբարների ու թաքստոցների դեմ»։

Նախարարությունը նշել է, որ հավաստի հետախուզական տվյալների հիման վրա իրականացված գործողության արդյունքում «ոչնչացվել են երեք թիրախներ, այդ թվում՝ մահապարտ-ահաբեկիչների պատրաստման կենտրոն, և սպանվել են 28 ահաբեկիչներ»։

Գերատեսչությունն ընդգծել է, որ թեև Պակիստանը ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, իր քաղաքացիների անվտանգությունը մնում է առաջնահերթություն։ «Պակիստանին սպառնացող վտանգը բխում է Աֆղանստանից, և այն փաստը, որ Աֆղանստանը շարունակում է մնալ ահաբեկչության օջախ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս», – նշել է նախարարությունը։

Նշվել է, որ հարվածի ընթացքում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքներին վնաս հասցնելը կանխելու համար։

Leave a comment