Փաշինյանն ու Նոբելյան մրցանակակիր տնտեսագետը քննարկել են Հայաստանում բարեփոխումների արդյունավետությունը

Քաղաքականություն

21.09.2026 | 15:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ տնտեսագետ Աբհիջիթ Բաներջիին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցության գնահատման և հայաստանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։

Վարչապետը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ՝ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու նպատակով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment