Գազի և բենզինի շուկայում իրավիճակն անկայուն է․ գների բարձրացումը միշտ անհանգստացնում է քաղաքացիներին։ Հայաստանում բենզինի գինն օր օրի սրընթաց աճում է․ բենզալցակայաններում մեկ լիտրի արժեքն արդեն հասնում է 580-600 դրամի։
«Առաջարկում եմ ամեն ինչում չառաջնորդվել «Կիկոսի մահով»»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԲ նախագահի պնդմանը, թե գազի գնի բարձրացումը ապոկալիպտիկ սցենար կլինի Հայաստանի համար։
Նա նաև ընդգծեց, որ Բիշքեկում Ռուսաստանի հետ պայմանավորվել են գույքագրում իրականացնել ՀՀ-ՌԴ հարաբերությունների շուրջ՝ հասկանալու, թե ինչ շերտերից են դրանք բաղկացած։ «Գալիս է մի հարց՝ երկաթուղու, ամեն ինչ մոռանում ենք, կենտրոնանում ենք երկաթուղու վրա։ Մեկ էլ գալիս է գազ… ՀՀ-ՌԴ հարաբերությունները բազմաշերտ են, ու այդ շերտերում բազմաթիվ խնդիրներ կան, հնարավորություններ կան։ Գույքագրումը շարունակվում է կամ սկսվում է»։
Արդյո՞ք գազի և բենզինի գինը կթանկանա, արդյո՞ք Ռուսաստանից եկող գազն ու բենզինը կթանկանան․ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։
«Գիտեք, գազի գնի գնահատումը ներկայումս շատ բարդ գործընթաց է։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում համաշխարհային գների հետ․ էներգետիկ ռեսուրսները սպառնալիքի տակ են։ Սա, իհարկե, վերաբերում է ոչ միայն Հայաստանին, բայց մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը միշտ պահպանում է իր ռազմավարական և տնտեսական գործընկերների համար գներ, որոնք նպաստում են հետագա տնտեսական համագործակցությանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխատանք տարվում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության շրջանակներում, որտեղ կան հստակ պայմանավորվածություններ՝ ապահովելու համար, որ Բելառուսի Հանրապետությունում գործող ընկերությունները բավարար հնարավորություններ ունենան մրցակցելու ռուսական ընկերությունների հետ»,- ասաց Սապրիկան։
Ըստ ռուս քաղաքագետի՝ էներգիայի գները, ըստ էության, կարևոր գործոն են տնտեսական միությունների ստեղծման մեջ։ Եվ եթե խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, ապա, անշուշտ, խոսքը Ռուսաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների հետ կապված որոշակի նպատակների երաշխավորման մասին է։
«Իհարկե, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական գործիչները հայտարարում, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերություններն առաջնահերթություն չեն, սա էական գործոն է։ Երբ մենք տեսնում ենք դա մեղմելու որոշ փորձեր՝ միայն խոսքերով, բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվում Հայաստանում ներդրումներ կատարող ռուսական բիզնեսների նկատմամբ՝ ազգայնացման մասին հայտարարություններով։ Բնականաբար, սա դադարում է առաջնահերթություն լինել, և գները կվերանայվեն։ Հարկ է նշել, որ Հայաստանը ռուսական էներգետիկ ռեսուրսների սպառող է, որը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ էներգակիրների գների բարձրացման պատճառով։ Սրանք իրական տնտեսական թվեր են, և, իհարկե, դրանք մեծապես կազդեն երկրի ներքին սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Մենք հասկանում ենք, որ նման կորուստը կհանգեցնի տնտեսական իրավիճակի վատթարացման և, իհարկե, երկրի ներսում խնդիրների»,- նշեց ռուս քաղաքագետը։