WhatsApp-ը հայտարարում է, որ ՌԴ իշխանությունները փորձել են ամբողջությամբ արգելափակել մեսենջերը

WhatsApp-ը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձել են ամբողջությամբ արգելափակել մեսենջերը, գրում է Meduza-ն։

«Այսօր Ռուսաստանի իշխանությունները փորձեցին ամբողջությամբ արգելափակել WhatsApp-ը՝ մարդկանց ստիպելով անցնել պետական ​​​​հավելվածի, որը չի պաշտպանվում վերահսկողությունից: Ավելի քան 100 միլիոն օգտատիրոջ մեկուսացնելու, նրանց անձնական և անվտանգ հաղորդակցության իրավունքից զրկելու ջանքերը հետընթաց քայլ են, որը կարող է միայն հանգեցնել Ռուսաստանում մարդկանց անվտանգության անկմանը: Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ օգտատերերի կապի մեջ պահելու համար»,- ասվում է ռուսերենով հրապարակված հայտարարության մեջ։

Երեկ լուրեր տարածվեցին, որ WhatsApp-ի, YouTube-ի և Ռուսաստանում գործող մի քանի անկախ լրատվամիջոցների դոմեյնները հեռացվել են Ազգային դոմեյնային անունների համակարգից՝ գործնականում ամբողջությամբ արգելափակելով դրանք։

Հարցին՝ արդյո՞ք WhatsApp-ը կվերադառնա, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ «խոսքն օրենքի պահպանման մասին է», և եթե Meta կորպորացիան, որին պատկանում է մեսենջերը, «երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի իշխանությունների հետ», ապա «կառաջանա համաձայնության հասնելու հնարավորություն»։

«Եթե կորպորացիան շարունակի նույն անզիջում դիրքորոշումը զբաղեցնել և, ես կասեի, ցուցադրի Ռուսաստանի օրենսդրությունը պահպանելու լիակատար չկամություն, ապա հնարավորություն չկա»,- ասել է Պեսկովը։

2025 թվականի օգոստոսից ի վեր Ռոսկոմնադզորն արգելափակում է զանգերը WhatsApp և Telegram մեսենջերներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment