ԱՄՆ-ն մոտ ապագայում հարվածներ չի հասցնի «Անսար Ալլահ»-ի դիրքերին․ NYT

ԱՄՆ զինված ուժերը մոտ ապագայում հարվածներ չեն հասցնի «Անսար Ալլահ» հուսիական ապստամբական շարժման վերահսկողության ներքո դիրքերին, հայտնում է «The New York Times» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում դեմ է եղել հուսիներին հարվածելուն, սակայն սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո հրահանգել էր Պենտագոնին նախապատրաստվել հարձակման։ Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ ղեկավարը կրկին փոխել է իր դիրքորոշումը։ Աղբյուրները պարբերականին հայտնել են, որ «ԱՄՆ-ի կողմից հուսիների դեմ ավիահարվածներ չեն իրականացվի, գոնե առայժմ»։

Այս հարցում Թրամփի որոշման փոփոխության պատճառի վերաբերյալ դեռևս տեղեկություն չի տրամադրվել։

«ԱՄՆ-ն պաշտպանական համաձայնագիր ունի Սաուդյան Արաբիայի հետ, և մենք միշտ կպաշտպանենք մեր դաշնակիցներին», – հայտնել են Սպիտակ տնից՝ մեկնաբանելով իրավիճակը։

Թերթը, սակայն, նշել է, որ հարձակումը չեղարկվել է դրա մեկնարկից ընդամենը կարճ ժամանակ առաջ. այդ պահին հրամանատարներն արդեն որոշել էին թիրախների ցանկը, իսկ զինվորականները ռումբերն ու հրթիռները բեռնում էին ռմբակոծիչների վրա։

Leave a comment