Ռուսաստանում ավարտվել են Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո անցկացված Պետդումայի առաջին ընտրությունները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 56,66 տոկոս, փոխանցում է Current time-ը։
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ արձանագրությունների 90,43 տոկոսի մշակումից հետո իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների 57,86 տոկոսը, որն ավելի բարձր է, քան 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցված 49,82 տոկոս արդյունքը։
Կոմունիստական կուսակցությունը (КПРФ) հավաքում է ձայների 13,84 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР)՝ 8,90 տոկոսը, իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,94 տոկոսը։
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 4,95 տոկոսը։ Խորհրդարանի ստորին պալատ անցնելու համար կուսակցությանն անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսի շեմը։
«Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուներն առաջատար են նաև 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում։ Ամենայն հավանականությամբ, «Եդինայա Ռոսիա»-ն կստանա սահմանադրական մեծամասնություն։ Դրա համար կուսակցությանն անհրաժեշտ է 450 մանդատից ստանալ ավելի քան 301-ը։
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 10 կուսակցություն։ Օգոստոսին Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել էր Պետդումայի պատգամավորների թեկնածուների դաշնային ցուցակը «Յաբլոկո» կուսակցությունից, որից հետո մարզերում սկսել են հանել կուսակցության միամանդատ թեկնածուներին և չեղարկել տարածաշրջանային ցուցակների գրանցումը։ Միակ տարածաշրջանը, որտեղ կուսակցությանը թույլատրվել էր մասնակցել տարածաշրջանային ընտրություններին, Նովգորոդի մարզն էր։ Մարզային Դումայի ընտրություններում, ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն, կուսակցությունն այստեղ ստացել է ձայների 6,20 տոկոսը։
Ընտրություններն ուղեկցվել են խախտումների վերաբերյալ հաղորդումներով, այդ թվում՝ քվեաթերթիկների տրամադրման ուշացումների, դիտորդներին ընտրատեղամասեր չթողնելու և «Եդինայա Ռոսիա»-ի օգտին նախապես նշված քվեաթերթիկների տրամադրման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի