ԱՄՆ–ն տոնում է Հայաստանի հետ միասին․ Ռուբիոն շնորհավորել է Անկախության օրվա առիթով

Բաժանորդագրվել

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական տեքստում կրկին հիշատակել է TRIPP-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և խորհում ձեր երկրի առաջընթացի մասին՝ ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ուղղությամբ։ Անցյալ տարվա ընթացքում միասին գրանցած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման համատեղ տեսլականի ուղղությամբ»,- գրել է Ռուբիոն։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է TRIPP-ի առաջխաղացմանը, տնտեսական կապակցվածության ամրապնդմանը։ Ըստ Ռուբիոյի՝ իրենք սպասում են նաև ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանն աջակցելուն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն երկու ժողովուրդների միջև գործընկերության խորացում է ակնկալում։

Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

Leave a comment