Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ծրագրում են հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ երկկողմ հարաբերություններում առկա «գրգռիչ գործոնները» քննարկելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի փոխանցմամբ՝ նմանատիպ հանդիպումները դարձել են պարբերական, և Մոսկվայում դրանք արդյունավետ են համարում։ Միևնույն ժամանակ Ռյաբկովը խոստովանել է, որ բովանդակային առումով առաջընթացի տեմպը «ցանկալիից ցածր է», սակայն ռուսական կողմը չի պատրաստվում հրաժարվել այդ ձևաչափից։
Երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման շուրջ սպասվող շփումների մասին դեռևս օգոստոսին խոսել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չէր հստակեցրել, թե հատկապես որ գործոնների մասին է խոսքը, սակայն նշել էր, որ հանդիպման հստակ ժամկետները գտնվում են մշակման փուլում։