Հայաստանի Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին Վարշավայի Սիլեզիա-Դոմբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջը կլուսավորվի հայկական եռագույնի գույներով․ այս մասին հայտնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը։ Տոնական լուսավորությունը կմիացվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին։
Հայաստանի անկախացման գործընթացը մեկնարկել էր 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության մասին հռչակագիրը՝ ազդարարելով Հայկական ԽՍՀ-ի դադարեցումն ու Հայաստանի Հանրապետության կազմավորումը։
Արդեն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին, 95% մասնակցության պարագայում, քվեարկածների 99%-ը կողմ արտահայտվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն։ Հատկանշական է, որ Հայաստանը չէր մասնակցել ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ համամիջութենական հանրաքվեին։ Նույն տարվա նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ, իսկ դեկտեմբերի 21-ին երկիրն անդամակցեց Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ)։
Հիշեցնենք նաև, որ պատմականորեն Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը հռչակվել էր 1918 թվականի մայիսի 28-ին։