Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը

«Ակոս» թերթը հայտնում է, որ Հայաստանում գործող անկախ վերլուծական կենտրոնի՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում՝ ինքնազգացողության վատացումից հետո։

Կիրակոսյանը նախորդ շաբաթ հանդիպման նպատակով մեկնել էր Ստամբուլ, որտեղ վատացել էր նրա առողջական վիճակը, և նա հոսպիտալացվել էր։ Հայտնի է դարձել, որ Կիրակոսյանը ուղեղային արյունազեղում էր ունեցել։

Նա բուժում էր ստանում Օքմեյդանիի անվան պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի հիվանդանոցում և երկար ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։

Կիրակոսյանը մահացել է երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 19-ին։

Կիրակոսյանը ժամանակ առ ժամանակ հոդվածներ էր հրապարակում նաև «Ակոս» թերթում և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հաճախ էր հանդես գալիս որպես փորձագետ։

Leave a comment