ԱՄՆ դեսպանատները Մերձավոր Արևելքի 10 երկրներում անվտանգության նախազգուշացում են տարածել

ԱՄՆ դեսպանատները Մերձավոր Արևելքի միանգամից տասը երկրներում անվտանգության վերաբերյալ նախազգուշացումներ են տարածել Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հուսիների հասցրած հրթիռային և անօդաչու հարվածներից հետո։ Դիվանագիտական առաքելությունները ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել ցուցաբերել «բարձր զգոնություն» և զգուշացրել են ավիահաղորդակցության հնարավոր խափանումների մասին։

Բահրեյնում, Իսրայելում, Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբանանում, Օմանում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատությունները հայտարարել են, որ «ռազմական հակամարտությունը կարող է արագորեն էսկալացվել», իսկ անվտանգության իրավիճակը տարածաշրջանում մնում է բարդ։ Քաղաքացիներին հորդորել են հաշվի առնել չվերթների հնարավոր չեղարկումները, օդային տարածքի փակումը և տրանսպորտի աշխատանքի խափանումները։

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են այն բանից հետո, երբ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբները հայտարարել են բալիստիկ ու թևավոր հրթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ երկու գործողություն իրականացնելու մասին։ Հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի թիրախներին, ինչպես նաև Յանբու քաղաքում գտնվող Aramco ընկերության օբյեկտներին։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հաստատել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Էր Ռիյադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը։ Նրա փոխանցմամբ՝ հուսիները հարվածներ են հասցրել նաև Բայշ, Թաիֆ, Ֆարասան և Յանբու քաղաքների ուղղությամբ։ Էր Ռիյադի բնակիչները հայտնել են Ալ Մալիք Խալիդի անվան միջազգային օդանավակայանի տարածքում ծխի և կրակի մասին, ինչն արձանագրել է նաև Flightradar24 ծառայությունը։

Եմենում իրավիճակի սրմանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա փոխանցմամբ՝ օգոստոսին մարտական գործողությունների ակտիվացումից ի վեր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակը արձանագրել է քաղաքացիական անձանց շրջանում 110 զոհի և վիրավորի դեպք Թաիզ, Ալ Հուդայդա և Մարիբ նահանգներում։ ՄԱԿ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման, քաղաքացիական բնակչության պաշտպանության և հումանիտար աջակցության ապահովման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment