ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է հայկական Hecttor AI-ի ներուժը ամերիկյան ներդրումային շրջանակներին

Քաղաքականություն

20.09.2026 | 11:55

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնում ընդունելություն է կազմակերպել՝ ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում գործող հայկական Hecttor AI ընկերության ներուժն ու զարգացման տեսլականը։ Միջոցառմանը քննարկվել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ընդլայնման և ԱՄՆ-ի առաջատար կառույցների ու ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Վաշինգտոնի «NEDs» ակումբում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI ընկերության ներուժն ու զարգացման տեսլականը։

Միջոցառումը համախմբել էր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ներդրումների, հանրային քաղաքականության և այլ ռազմավարական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, հայկական տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ներկայության ընդլայնման, ինչպես նաև ԱՄՆ առաջատար կառույցների և ընկերությունների հետ նոր համագործակցությունների ձևավորման հնարավորությունները։

Hecttor AI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մատ Շարաֆյանը ներկայացրել է ընկերության տեսլականը ձայնային տեխնոլոգիաների և Voice AI-ի զարգացման ուղղությամբ՝ անդրադառնալով հաղորդակցության ապագայի ձևավորման գործում արհեստական բանականության աճող դերին և ընկերության առաջարկած նորարարական լուծումներին։

Ընդունելությունը շարունակվել է հարցուպատասխանով և մտքերի փոխանակմամբ՝ մասնակիցների միջև հետագա համագործակցության, ներդրումային հնարավորությունների և նոր նախաձեռնությունների շուրջ։

Leave a comment