Մոսկվա կատարելիք այցից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բուն TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական օրակարգային հարցերին՝ շեշտելով երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման խնդիրն ու միջազգային պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկուստեք ընդունելի լուծումներ պահանջող առանցքային թեմաներ։
«Քննարկվելու են բոլոր հնարավոր հարցերը և բոլոր հնարավոր հարցերի բոլոր այնպիսի լուծումները, որոնք կարող են փոխադարձաբար ընդունելի լինել, այդ թվում՝ երկաթուղին, գազը։ Երկաթուղու հարցը կարևորագույն հարցերից մեկն է… որովհետև գիտեք, որ Հայաստանը 30-35 տարի շրջափակման մեջ է լիարժեք և ամբողջովին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,-ասել է վարչապետը։
Անդրադառնալով երկաթուղու ներկայիս կառավարման մոդելին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ միջազգային ներդրողները խուսափում են ներգրավվածությունից՝ սանկցիոն ռիսկերի պատճառով։ Այդ համատեքստում հայկական կողմն առաջարկում է փոխել կոնցեսիոներին։
«Հիմա ի՞նչն է մեր ակնկալիքը․ որ Ռուսաստանը կոնցեսիոն իրավունքը, մեր համաձայնությամբ, վաճառի երրորդ կողմի, որն ընդունելի է։ Այդ երրորդ կողմը, ընդ որում, պետք է փոխադարձաբար ընդունելի լինի թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար»,-պարզաբանել է գործադիրի ղեկավարը։
Մեկնաբանելով փորձագիտական շրջանակներում Ղազախստանի անվան շրջանառումը՝ վարչապետը նշել է, որ այդ դիտարկումները պայմանավորված են տվյալ երկրի փորձով ու ենթակառուցվածքներով․ «Չգիտեմ ինչու, բոլորի մտքում առաջին հերթին Ղազախստանն է գալիս, թերևս նաև այն պատճառով, որ Ղազախստանը նաև երկաթուղային բավականին լավ զարգացած ենթակառուցվածք ունի»։
Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ-ի համար ընդունելի է երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելը, նման սցենարի դեմ չեն։
Դիտումների քանակ3