Ուկրաինան ամսական կորցնում է մոտ 27000 զինծառայող Ռուսաստանի նոր ռազմավարության պատճառով․ Տուսկ

Ռուսաստանի նոր ռազմավարության պատճառով, որը ներառում է ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարձակումներ, Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զինծառայող՝ սպանված և վիրավորված։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Տուսկը նշել է, որ շատ բացասական փոփոխություն է տեղի ունեցել․ «Ռուսները զանգվածային մասշտաբով կիրառում են նոր տեսակի ԱԹՍ-ներ՝ ռեակտիվ շարժիչով սարքեր, որոնք անհամեմատ ավելի մեծ արագությամբ են շարժվում և թիրախներին հարվածելուց առաջ գործում են մեծ բարձրությունների վրա։ Վերջին շրջանում ամսական զոհվում կամ վիրավորվում է 27 000 մարդ, և սա, բառի ամենացավալի իմաստով, ռեկորդային ցուցանիշ է այս պատերազմի համար։ Այս միտման պայմաններում Ուկրաինայում ձմեռը կարող է իսկապես աղետալի լինել»։

Նա ասել է, որ քչերն են պատրաստ արդյունավետորեն հակազդել դրանց, այդ թվում՝ Լեհաստանը։

Տուսկը նաև ընդգծել է, որ Մոսկվայի նպատակն է հնարավորինս մեծ մասշտաբով ոչնչացնել Ուկրաինայի տնտեսությունն ու լոգիստիկ համակարգը։ «Առայժմ՝ Ուկրաինայի [տնտեսությունն ու լոգիստիկան]», – ասել է Լեհաստանի վարչապետը։

Նրա տվյալներով՝ ակնկալվում են անընդհատ, հաճախակի և բարձր ինտենսիվությամբ հարձակումներ Ուկրաինայի վեց խոշոր քաղաքների վրա. այդ հարձակումների նպատակն է ոչնչացնել երկրի պաշտպանության համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներ պարունակող պահեստները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքը։

Leave a comment