Իլյա Յաշինը չեղարկել է Հայաստան այցը՝ «ֆիզիկական սպառնալիքների պատճառով»
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր այցի և նախատեսված բոլոր միջոցառումների չեղարկման մասին։ Այս որոշման պատճառը Հայաստան մեկնելու հետ կապված «լուրջ ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքներն են», հայտնել է Յաշինը՝ առանց այլ մանրամասներ նշելու։
«Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Ես չեմ կարող բացահայտել մանրամասները, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, ես չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին», – սոցցանցերում գրել է Յաշինը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Երևան։