ՕՀՖԱՐ հիմնադրամն ամփոփել է գործունեության առաջին տարին․ առաքելությունը՝ յուրաքանչյուր երեխայի առողջ ժպիտը

Գործունեության առաջին տարին է ամփոփել Հայաստանում գործող ՕՀՖԱՐ հիմնադրամը, որը տասնամյակներ շարունակ իր ծրագրերն իրականացրել է Արցախում։

Հիմնադրամի նպատակն ու տեսլականը հստակ է՝ Հայաստանում մինչև 15 տարեկան որևէ երեխա չպետք է ունենա չբուժված կարիես կամ բերանի խոռոչի առողջության հետ կապված չլուծված խնդիր։

Այս նպատակին նվիրված էր նաև «Ժպիտներ նվիրելով մեր երեխաներին» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են հիմնադրամի խորհրդի անդամները։ Նրանք բնակվում են աշխարհի տարբեր երկրներում և մասնագիտությամբ ատամնաբույժներ են։ Գալա-ընթրիքին նրանց միացել են նաև Հայաստանի գործընկերներն ու ոլորտի ներկայացուցիչները։

Միջոցառման ընթացքում հիմնադրամի տնօրեն Հարմիկ Մինասյանը թվերով, փաստերով և տեսանյութերով ներկայացրել է անցած մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը, ծրագրերն ու գրանցված արդյունքները։

«2023 թվականին Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը Հայաստանում։ Արցախից մեզ մնացին միայն լավ հիշողություններ և անփոխարինելի մարդիկ՝ ընկերներ ու սրտացավ գործընկերներ, որոնց հետ այսօր շարունակում ենք աշխատել արդեն Հայաստանում՝ կյանքի կոչելով մեր ծրագրերը և ժպիտներ պարգևելով մեր երեխաներին»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է ՕՀՖԱՐ-ի տնօրենը։

Հարմիկ Մինասյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումներով և նվիրատվություններով շարունակում են աջակցել հիմնադրամի աշխատանքին։

Նրա խոսքով՝ այդ աջակցությունը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել երեխաների բերանի խոռոչի առողջության խնդիրները, կանխել դրանց խորացումը և պահպանել երեխաների առողջությունը։

Հիմնադրամի խորհրդի անդամ Վիքէն Օհաննեանն առանձնացրել է «Ատամնաբուս» շարժական ատամնաբուժական կլինիկայի աշխատանքը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագիտացված և ժամանակակից ատամնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել այն երեխաներին, որոնց համար բժշկական օգնության հասանելիությունը կարող է ավելի դժվար լինել՝ հատկապես Հայաստանի մարզերում և հեռավոր համայնքներում։

«Ատամնաբուսը» հագեցած է ժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով, այդ թվում՝ պանորամային ռենտգենով, և հնարավորություն է տալիս երեխաներին անհրաժեշտ ծառայությունները ստանալ հենց իրենց համայնքներում։ Այսինքն՝ այստեղ բժշկական օգնությունն ինքն է հասնում երեխային։

Սակայն ՕՀՖԱՐ-ի գործունեությունը միայն բուժմամբ չի սահմանափակվում։ Հիմնադրամն իրականացնում է նաև կանխարգելիչ և կրթական ծրագրեր, մասնագետների վերապատրաստումներ և համագործակցում տարբեր կառույցների ու մասնագետների հետ։

Գործունեության առաջին տարին ամփոփելով՝ հիմնադրամի խորհրդի անդամները խոսել են նաև առաջիկա ծրագրերի ու նպատակների մասին։

ՕՀՖԱՐ-ի համար մեկ տարվա աշխատանքը ոչ միայն արդեն իրականացված ծրագրերի և արձանագրված արդյունքների ամփոփումն է, այլև նոր նախաձեռնությունների և հաջորդ քայլերի մեկնարկը՝ Հայաստանի երեխաների բերանի խոռոչի առողջությունն ու առողջ ժպիտը ապահովելու ճանապարհին։

Leave a comment