«Արցախցիների վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցի ուղերձը բռնի տեղահանման 3-րդ տարելիցին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

«Երեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի Հանրապետության դեմ:

Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը: Միջազգային հանրության լռության և գործուն մեխանիզմների բացակայության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ փրկվելու ֆիզիկական բնաջնջումից:

Այս ողբերգական օրը մեր խոնարհումն ենք բերում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանց սխրանքն ու անձնազոհությունը մեր ժողովրդի պատվի և արժանապատվության հավերժական վկայությունն են:

Անցած երեք տարիները չեն նսեմացրել և չեն կարող նսեմացնել մեր բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը։ Ուստի՝ Արցախի ժողովրդի անունից վերահաստատում եմ.

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի: Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում:

Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից:

Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը։

Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայության կենսական կարիքների բավարարումն առաջնահերթ հրամայական է։ Այս ուղղությամբ էական նշանակություն ունի միջազգային հանրության շարունակական ու նպատակային աջակցությունը՝ տեղահանված բնակչության սոցիալական կայունությունն ամրապնդելու և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու գործում:

Չնայած այսօր ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին և բռնի տեղահանման դառնությանը՝ արցախցիների համախմբվածությունը, ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն: Մենք պարտավոր ենք համատեղել ողջ հայության ներուժը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի լեգիտիմ իրավունքներն ու հասնելու պատմական արդարության վերականգնմանը:

Հավերժ փառք մեր նահատակներին: Տոկունություն և կամք Արցախի ժողովրդին և համայն հայությանը»,- ասված է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment