Վլադիմիր Պուտինը ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ է անցկացրել։ Ըստ Կրեմլի՝ քննարկվել են սպառազինությունների պետական նոր ծրագրի և պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրի նախագծերը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է զինված ուժերն արդիականացնելու և հնարավոր սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու կարողությունները զարգացնելու կարևորությունը։
Նա հավելել է՝ մեծ ուշադրություն են դարձնելու միջուկային ներուժի ամրապնդմանը, ինչը, Պուտինի խոսքով, Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է:
«Սպառնալիքները չեն նվազում։ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, եվրոպական որոշ առաջնորդներ բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նրանք օգտագործում են Ուկրաինայում իրավիճակը լարվածությունը սրելու համար»,- կարծիք է հայտնել Պուտինը։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Կիևի հետ հնարավոր բանակցություններին: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խոսում է խաղաղության մասին, սակայն շարունակում է հարվածներ հասցնել:
Պուտինը մեղադրել է Կիևին դիվանագիտությունը խափանելու համար, նաև անհիմն որակել պնդումները, թե Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:
«Մենք ոչ մի ագրեսիվ մտադրություն չունենք եվրոպական պետությունների նկատմամբ։ Պատրաստ ենք վերականգնել գործակցությունը և հարաբերությունները եվրոպացի հարևանների հետ»,- վստահեցրել է Պուտինը:
Դիտումների քանակ6