ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման համար ներկայացված հիմնավորումների արժանահավատությունը՝ նշելով, որ դա «ավելի շատ քաղաքական դրդապատճառով հաշվեհարդարի է նմանվում»:
Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելով՝ դիվանագետը որպես օրինակ է մատնանշել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացման գործընթացը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Իր գործողություններն իշխող թիմը փորձում է արդարացնել «կոռուպցիայի դեմ պայքարի», ապօրինի ձեռք բերված միջոցները պետական գանձարան վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու ձգտման կարգախոսներով։ Այդ հիմնավորումների ճշմարտացիությունը, սակայն, խիստ կասկածելի է»,- նշել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարի կարծիքով՝ տեղի ունեցող գործընթացն իրականում այլ բնույթ է կրում։
«Իրականում սա ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար: Մինչև քաղաքական կյանքում գործարարի հայտնվելը, ընկերության աշխատանքի վերաբերյալ որևէ դժգոհություն չի եղել»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Նա անդրադարձել է նաև ընկերության նոր ղեկավարների գործունեությանը:
«Ընդ որում, նոր կառավարիչները, որքան կարելի է դատել, առանձնապես հաջողությունների չեն հասել այն ձեռնարկության ղեկավարման գործում, որտեղ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ են ներդրվել»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ի խորհրդակցության ընթացքում խոսել էր Հայաստանում ռուսական բիզնեսի «ռեյդերային զավթումների» մասին, իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Երևանը կարող է ապօրինի յուրացնել Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները: