Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․
Հիմա էլ, ինչպես երեք տարի առաջ օրը կսկսեմ սովորականի պես՝ սովորական դարձած շրջափակման մեջ, որովհետև այդպես էլ մնացի այնտեղ…Մտովի երեխաներիս հետ անվերջանալի թվացող ճանապարհը կանցնեմ, որ դպրոց հասնեմ։ Կմտնեմ դասարան, կստիպեմ ինձ սառած աչքերով ժպտալ, կնայեմ սոված աշակերտներիս պատասխաններ փնտրող աչուկներին ու մաթեմատիկայի փոխարեն կսկսեմ նկարագրել սերը Հայրենիքի նկատմամբ։
Ու այդպես էլ այդ օրը չի ստացվի կենտրոնանալ խնդրի լուծման վրա ու ինչպես ամեն բան իմ կյանքում՝ այն ևս կընդհատվի…
Դասաժամի ավարտից հետո հազարավոր պատճառներ կհորինեմ ու կորոշեմ տուն վերադառնալ։ Ճանապարհին կհանդիպեմ կգ-ը 3000 դրամով լոբի վաճառող մի կնոջ ու մի պահ ինձ երջանկության թեթևացնող զգացումը կպարուրի։ Գնածս 2 կգ լոբին կնշանակի կարճաժամկետ հաղթանակ ու հույս, որ դեռ լավն ու իրական հաղթանակն առջևում է։ Ժամը 10-ին կհաղթահարեմ տուն տանող վերընթաց ճանապարհը, շունչ առնելու համար կմտնեմ մեր թաղի փոքրիկ խանութը, որը դատարկ, բայց սովորույթի համաձայն բաց է։
Մղկտացող ոտքերիս վայելքը երկարաձգելու համար կսկսեմ լուրերը կարդալ…ադրբեջանական մի լրատվամիջոց գրում է, որ անհրաժեշտ է Արցախում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկը տալ։ Երջանկության ողջ պատրանքը հօդս կցնդի ու կսկսեմ զանգեր անել։ Բոլորը կսկսեն ինձ հանգստացնել, որ անհանգստանալու պատճառ չկա, ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել։ Երանի թե այդպես լիներ…
Թուլացած ոտքերս ծանրացած մարմինս կշարունակեն քարշ տալ դեպի տուն։ Մի բաժակ անհայտ ծագման «սուրճով» դուրս կգամ տանս բակ ու նստելուն պես աշխարհը կդղրդա…
ԱՐՑԱԽՈւՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է…
Կսկսեմ զանգել երեխաներիս. դպրոցում են…չի ստացվի
Կզանգեմ ամուսնուս… կրկին՝ անարդյունք, կապ չկա…
Ու կավարտվի ամեն բան, երբ կգա գիտակցումը. մեզ կրկին դավաճանեցին, այս անգամ ավելի դաժան…համաձայնություն տվեցին սպանել մեր երեխաներին, մեզ…
Հ.Գ. Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք…։