Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց

Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետությունում, ինչը հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրան նախորդել էր շուրջ իննամսյա շրջափակումը, հումանիտար ծանր ճգնաժամը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցները փակել էին Լաչինի միջանցքը՝ ամիսներ շարունակ թույլ չտալով Հայաստանից Արցախ մատակարարել սնունդ, դեղորայք, վառելիք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքները։

2023 թվականի սեպտեմբերի 18-ին Արցախ վերջապես հասավ որոշակի մարդասիրական օգնություն։ Սակայն դրանից մեկ օր անց իրավիճակը կտրուկ փոխվեց։

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը սկսեց հրետակոծել Արցախի տարածքը՝ ծանր հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և ավիացիայի կիրառմամբ։ Հարվածների տակ հայտնվեցին ոչ միայն դիրքերը, այլև Ստեփանակերտն ու մի շարք բնակավայրեր։ Արցախյան կողմը փորձեց դիմադրել՝ պաշտպանելով իր դիրքերն ու բնակավայրերը, սակայն ուժերի հարաբերակցությունը խիստ անհավասար էր։

Մարտերը շարունակվեցին շուրջ 24 ժամ։ Ադրբեջանի զինված ուժերը մի շարք ուղղություններով առաջացան, վերահսկողության տակ վերցրին ռազմավարական դիրքեր և ճանապարհներ, ինչի հետևանքով Արցախի պաշտպանական ուժերը հայտնվեցին ծանր իրավիճակում։ Այս ամենը տեղի ունեցավ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնց պարտականություններ էր ապահովել արցախցիների անվտանգությունը։ Մոտ մեկ օր տևած ռազմական գործողությունների հետևանքով արցախյան կողմը հաղորդեց առնվազն 200 զոհի և ավելի քան 400 վիրավորի մասին։ Զոհերի թվում կային նաև քաղաքացիական անձինք և երեխաներ։

Ադրբեջանի հրապարակած տվյալներով՝ իր զինված ուժերի շրջանում զոհվել էր 192 զինծառայող, ևս 511-ը վիրավորվել։

Մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո ձեռք բերվեց հրադադարի պայմանավորվածություն։ Հրադադարի պայմանները ծանր էին Արցախի համար․ նախատեսվում էր Արցախի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափում և լուծարում, ինչպես նաև ծանր տեխնիկայի և զինամթերքի հանձնում։ Դրանից հետո պետք է բանակցություններ սկսվեին Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ Ադրբեջանի կողմից ներկայացվող «վերաինտեգրման» հարցերի շուրջ։

Սակայն ռազմական գործողությունների դադարեցումը և Արցախի ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանի պաշտոնյաների հետ դրական արդյունք չտվեց։

Սեպտեմբերի 24-ին սկսվեց հայերի բռնի տեղահանումն Արցախից։ Մարդիկ Արցախից հեռանում էին՝ թողնելով իրենց տները, ունեցվածքը։ Սեպտեմբերի 25-ին Հայաստան հասած արցախահայերի թիվը, ըստ Միջազգային դատարանում ներկայացված տվյալների, մոտ 7 հազար էր։ Սեպտեմբերի 29-ին այդ թիվն արդեն անցել էր 90 հազարը։ Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերին արձանագրեց, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի գործողությունից հետո ավելի քան 100 հազար հայ է լքել Արցախը և հասել Հայաստանի սահման։ Դատարանը նաև արձանագրեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունից հետո վերականգնել էր ամբողջական վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։ Հայաստանի վարչապետը հետագայում այդ թիվը գնահատեց մոտ 105 հազար մարդ և հայտարարեց, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված են եղել հեռանալ Արցախից։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որով նախատեսվում էր 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնել Արցախի Հանրապետության պետական բոլոր կառույցների գործունեությունը։ Այդ հրամանագրով Արցախի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Շահրամանյանն արդեն Հայաստանում հայտարարում էր, որ նման հրամանագիրը իրականում չի եղել, նման հաղորդագրություն էր տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջով՝ կանխելու արցախցիներին սպառնացող վտանգը։

2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը, քննարկելով Հայաստանի ներկայացրած դիմումը, արձանագրեց, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման։

Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել, որ սեպտեմբերի 19-ից հետո Արցախից հեռացած այն անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ, իսկ Արցախում մնացածները կարողանան անվտանգ հեռանալ կամ մնալ՝ առանց ուժի կամ ահաբեկման, որը կարող է նրանց ստիպել հեռանալ։

2024 թվականին Freedom House-ը և գործընկեր կազմակերպությունները հրապարակեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությանը վերաբերող փաստահավաք զեկույց։ Ուսումնասիրությունն ընդգրկել է 2020 թվականի պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունն ու դրա հետևանքներն ընկած ժամանակահատվածը։ Փաստահավաք աշխատանքն իրականացվել է հարյուրավոր վկաների հարցազրույցների և բաց աղբյուրներից հավաքված տվյալների համադրմամբ։ Ընդհանուր առմամբ զեկույցի շրջանակում հարցազրույց է անցկացվել 330 վկայի հետ՝ Լեռնային Ղարաբաղի 107 համայնքներից 71-ի ներկայացուցիչների հետ։

Freedom House-ի փաստահավաք առաքելությունը արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը տարիների ընթացքում ենթարկվել է հարձակումների, ահաբեկման, հիմնարար իրավունքների սահմանափակման, կենսապայմանների վատթարացման և, ի վերջո, հարկադիր տեղահանման։ Զեկույցի եզրակացությամբ՝ Ադրբեջանի պետական կառույցների գործողությունները եղել են համակարգված և մեթոդաբար իրականացված՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից և նրա պատմամշակութային ներկայությունից դատարկելու նպատակով։

2024 թվականին հրապարակված զեկույցում Freedom House-ը և գործընկերները փաստագրված գործողությունները գնահատել են որպես էթնիկ զտման չափանիշներին համապատասխանող՝ հղում անելով նախկին Հարավսլավիայի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովի սահմանմանը։ Զեկույցում նշվել են նաև մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ հարկադիր տեղահանումը, շրջափակումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ ջնջման դեպքերը։

Փաշինյանն Արցախի հայաթափման օրերին հայտարարում էր, որ Ադրբեջանի իրականացրածը էթնիկ հայերի բռնի տեղահանում է։

Հայաստանի վարչապետի դիրքորոշումը հիմա կտրուկ փոխվել է։ Նա բռնի տեղահանվածներին անվանում է տեղահանվածներ։ Հայաստանի իշխանությունները բառամթերքի փոփոխությանը զուգահեռ փոխել են նաև մոտեցումները արցախահայերի միջազգային իրավունքի՝ իրենց տներ վերադառնալու հետ կապված։ Փաշինյանն առաջարկում է ապրել Հայաստանում։ Նա կարծում է, որ արցախահայության թեման վնասում է Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությանը։

Ի դեպ, այդ խաղաղությունն ամրագրված չէ պայմանագրով։ Բաքուն շարունակում է հակահայ քաղաքականությունը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներին տալով ադրբեջանական կեղծ անվանումներ։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment