ԱՄՆ-ն և Դանիան նոր ամաձայնության են եկել Գրենլանդիայի հարցով

ԱՄՆ-ն և Դանիան հայտարարել են Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ համաձայնության մասին՝ լուծելով դիվանագիտական ​​վեճը, որն առաջացել էր նախագահ Թրամփի՝ տարածքը ուժով գրավելու սպառնալիքների պատճառով։ Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հաջորդ շաբաթ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը Միացյալ Նահանգներին կտա «մշտական ​​վերահսկողություն անվտանգության և այլ հարցերի նկատմամբ» Գրենլանդիայում։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ համաձայնագիրն «ամրապնդում է մեր ընդհանուր անվտանգությունը Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում»՝ միաժամանակ «ճանաչելով Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Գրենլանդիայի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը»։ Նա հրաժարվել է մեկնաբանել փաստաթղթի կոնկրետ դրույթները։

Համաձայնագիրը կնքվել է Գրենլանդիան «գրավելու» վերաբերյալ Թրամփի ամիսներ տևած սպառնալիքներից հետո. նա կղզին համարում էր կենսական նշանակություն ունեցող ԱՄՆ ազգային անվտանգության համար՝ դրա ռազմավարական դիրքի և օգտակար հանածոների պատճառով։

«Truth Social»-ում Թրամփը գրել է, որ համաձայնագիրը «որևէ ծախս չի պահանջի Միացյալ Նահանգներից» և ԱՄՆ-ին հնարավորություն կտա «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է»՝ «Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու համար»։

«Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ-ն համաձայնություն է ձեռք բերել Դանիայի և Գրենլանդիայի հետ, որը Միացյալ Նահանգներին տալիս է մշտական ​​վերահսկողություն Գրենլանդիայում անվտանգության և այլ հարցերի նկատմամբ՝ լիովին լուծելով ԱՄՆ-ի բազմաթիվ մտահոգությունները։ ԱՄՆ-ի համար որևէ ծախս չի լինի», – գրել է Թրամփը։

Նա հայտնել է, որ համաձայնագիրը ներառում է դրույթ, որն արգելում է Միացյալ Նահանգների որևէ հակառակորդի ռազմական ներկայություն ունենալ Գրենլանդիայում կամ ներդրումներ կատարել կղզու տնտեսության մեջ՝ առանց Վաշինգտոնի համաձայնության։ «Այս պահից սկսած՝ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ այլևս չի կարողանա Գրենլանդիայում ռազմակայան հիմնել, այնտեղ ռազմական ներկայություն ապահովել կամ նշանակալի ներդրումներ կատարել՝ առանց մեր գրավոր թույլտվության», – նշել է Թրամփը։

Leave a comment