Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին


Հունգարիան պատրաստ կլինի ռուսական գազից հրաժարվել մինչև 2027 թվականի հոկտեմբեր, Telex-ին ասել է երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը։ Նա նշել է, որ Հունգարիան պատրաստ է ձմռանը, երկիրն ունի գազի բավարար պաշարներ, և մատակարարման խնդիրներ չկան։


Կապիտանը ռուսական գազից Հունգարիայի կախվածությունը բացատրել է ոչ թե այլ աղբյուրներից այն ստանալու անհնարինությամբ, այլ «այն պատճառով, որ այդ տարբերակը մինչ այժմ եղել է տնտեսապես առավել շահավետ»: Հունգարիան գազի մատակարարումը կապահովի ոչ ռուսական աղբյուրներից։


Եվրամիությունը մտադիր է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումն ամբողջությամբ արգելել 2027 թվականի հունվարից, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը՝ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։


Կապիտանը նաև հայտարարել է Ռուսաստանից հում նավթի մատակարարումներից կախվածությունը վերացնելու հնարավորության մասին. Հունգարիան բանակցություններ է վարում Խորվաթիայի հետ՝ «Ադրիա» նավթամուղն ամբողջ հզորությամբ շահագործելու համար։

Leave a comment