Թուրքիայի արդարադատության նախարարն ակնարկել է 2028 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ Էրդողանի վերընտրվելու համար

Քաղաքականություն

18.09.2026 | 19:43

Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքն անդրադարձել է շարունակվող բանավեճին՝ արդյո՞ք երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կառաջադրվի առաջիկա ընտրություններում։

«2028 թվականին ընտրություններ կանցկացվեն՝ մեր նախագահին կրկին ընտրելու համար։ Այս հարցում մեր կուսակցական կառույցների և համախոհների վրա շատ կարևոր պատասխանատվություն է դրված։ Ձեռք ձեռքի տված՝ մենք պետք է ապահովենք, որ մեր նախագահը վերընտրվի՝ առաջնորդելու «Թուրքիայի դարը»»,- Ադանայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է Գյուրլեքը։

Ընդգծելով, որ «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացը, որը ենթադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափում, պետք է հստակ ներկայացվի հանրությանը, Գյուրլեքը պնդել է, որ ահաբեկչության խնդրի լուծումը երկրին կբերի կայունություն և ներդրումների զգալի աճ։

2002 թվականի ընտրություններից հետո վարչապետ դառնալով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ժամկետ պաշտոնավարել է որպես վարչապետ, իսկ 2014 թվականին ընտրվել է նախագահ։ Վերջին անգամ Էրդողանը հաղթել է 2023 թվականի նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 52,18 տոկոսը։

Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսին։ Սակայն Էրդողանի՝ կրկին օրինական կերպով առաջադրվելու համար խորհրդարանը պետք է նշանակի «արտահերթ ընտրություններ»։ Հետևաբար, այն հարցը՝ արդյո՞ք ընտրությունները կարող են անցկացվել 2027 թվականին, շարունակում է ակտիվորեն քննարկվել Թուրքիայի քաղաքական դաշտում։ Մինչ ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնելու օգտին, իշխող դաշինքից հնչող ազդակները վկայում են, որ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2028 թվականի առաջին ամիսներին՝ հնարավոր է՝ մարտին կամ ապրիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment