Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Վեհափառին վերագրվող արարքը որևէ պարագայում չի կարող հանցագործություն համարվել, իսկ հարուցված քրեական գործն ակնհայտ անհիմն է։
Փաստաբանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը նախնական դատալսությունների փուլում, առանց ապացույցները հետազոտելու, թույլ է տալիս օգտվել կարճման միայն որոշակի հիմքերից, ինչը սահմանափակում է գործն անմիջապես փակելու հնարավորությունը, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ հանցակազմն իսպառ բացակայում է։
«Օրենսդիրը գնացել է այն տրամաբանությամբ, որ դատախազությունը և քննչական մարմինը գործելու են խելամտության կանխավարկածով առ այն, որ ակնհայտ անհիմն, քրեական հանցանք չհանդիսացող գործողությունը չեն հասցնի դատարան։ Մեր դեպքում ունենք լրիվ այլ իրավիճակ, և հենց սա էլ վկայում է, որ գործ ունենք տարօրինակ գործընթացի հետ»,- ընդգծել է Զոհրաբյանը։
Փաստաբանը շեշտել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդամենը ներքին, կանոնական տիրույթում տնօրինություն է արել՝ հոգևորականին զրկելով կարգավիճակից։ Այդ իրավասությունը բացառապես պատկանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և որևէ աշխարհիկ իշխանություն, վարչապետ կամ պատգամավոր իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին կանոնական որոշումներին։